Բավարիայի ՆԳՆ ղեկավարը կոչ է արել Մերկելին շտապ կասեցնել փախստականների հոսքը

Բավարիայի ՆԳՆ ղեկավարը կոչ է արել Մերկելին շտապ կասեցնել փախստականների հոսքը

PanARMENIAN.Net - Բեռլինը պետք է որքան հնարավոր է արագ կասեցնի փախստականների հոսքը: Այսպիսի կարծիք է հայտնել Բավարիայի ներքին գործերի նախարար Յոահիմ Հերմանը:

Բավարիայի ՆԳՆ ղեկավար Յոահիմ Հերմանը կոչ է անում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին խստացնել միգրացիոն քաղաքականությունը: «Անհրաժեշտ է շտապ կասեցնել փախստականների հոսքը»,-հայտարարել է Հերմանը գերմանական Bild-ին տված հարցազրույցում: Նա պահանջել է կառավարության ղեկավարից գտնել խնդրի լուծումն առաջիկա շաբաթներին` զգուշացնելով, որ «երբ ավելի շատ փախստականներ ներգաղթեն, արդեն շատ ուշ կլինի»:

Հերմանը նաև հորդորել է գերմանացիներին չմեկնել այն երկրներ, որոնք հրաժարվում են ընդունել ԳԴՀ-ում ապաստան չստացած փախստականներին: «Ոչ ոք չպետք է մեկնի այն երկրներ, որոնք չեն համագործակցում մեզ հետ»,-ասել է քաղաքական գործիչը:

Հունվարի 20-ին Մերկելը մասնակցելու է Քրիստոնյա-սոցիալական միության փակ նիստին, որը գլխավորում է Բավարիայի վարչապետ Հորսթ Զեեհոֆերը:Ավելի վաղ Զեեհոֆերը հորդորել էր Մերկելին սահմանափակել փախստականների հոսքը` հասցնելով այն տարեկան 200 000-ի, սակայն կանցլերը մերժեց առաջարկը:

Հունվարի 18-ին Բունդեսթագի մի խումբ պատգամավորներ գրավոր պահանջեցին Մերկելից փակել մուքտը երկիր այն փախստականների համար, որոնք քաղաքական ապաստանի իրավունք չունեն: Նույն օրը Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտարարեց, որ Մերկելի միգրացիոն քաղաքականությունն ունի «միանգամայն հստակ ծրագիր, որի նպատակն է կատարել ազգային և եվրոպական խնդիրները», հայտնում է dw.com-ը:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: 2015-ի հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Ընդհանուր առմամբ, 2015-ին Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական: Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---