Մարդու իրավունքների գծով եվրահանձնակատարը դիմել է ՄԻԵԴ Իսմայիլովայի գործով

Մարդու իրավունքների գծով եվրահանձնակատարը դիմել է ՄԻԵԴ Իսմայիլովայի գործով

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը երկրորդ անգամ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)` հայտնելով, որ ցանկանում է հանդես գալ այդ գործով որպես երրորդ անձ: Առաջին անգամ Մուժնիեկսը այդ հարցով դիմել էր 2015-ի սեպտեմբերի 23-ին:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեղադրանքներով:

Մուժնիեկսը նշել է, որ իրավապաշտպանների վիճակն Ադրբեջանում շատ մտահոգիչ է: Ադրբեջանը չի կատարում քաղաքացիների ազատությունները պաշտպանելու իր հանձնառությունը:

«Քննադատողների հետապնդումները, ներառյալ դատական, լայն տարածում են ստացել: Խադիջա Իսմայիլովայի գործը վեր է հանում Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա լուրջ և համակարգային խախտումները»,-ասվում է եվրահանձնակատարի հայտարարության մեջ:

Վերջին երկու տարիներին Ադրբեջան կատարած իր այցերի ժամանկ Մուժնիեկսը բազմիցս է հորդորել իշխանություններին դադարեցնել չհիմնավորված հետապնդումները և հանել իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների մեղադրանքները, սակայն հետապնդումները գնալով սաստկացել են, գրում է contact.az-ը:

2013, 2014 և 2015 թթ. իր զեկույցներում հանձնակատարը բազմիցս է նշել այդ բացասական երևույթները և իշխանությունների անգործությունը: «Իսմայիլովայի ձերբակալությունը 2014-ի դեկտեմբերին, Ադրբեջանում այլախոհների և իրավապաշտպանների համընդհանւր հետապնդման մաս է կազմում, որը հասավ գագաթնակետին 2014-ի ամռանը, երբ հետապնդման ենթարկվեցին քաղաքացիական հասարակության տասնյալ ներկայացուցիչներ», ասվում է Մուժնիեկսի ուղերձում:

Վերջում հանձնակատարը նշել է, որ Ադրբեջանում հալածվում են բոլոր նրանք, ովքեր քննադատում են իշխանություններին և նման մեղադրանքները միջազգային կառույցների հետ աշխատող անձանց լռեցնելու միջոց են: Նշվում է նաև, որ բոլոր հետապնդումները պետք է կասեցվեն, իսկ ձերբակալվածները` ազատ արձակվեն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համաշխարհային ճանաչում ունեցող իրավաբան Ամալ Քլունին հայտարարել է, որ կստանձնի ադրբեջանցի ազատազրկված հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործը:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---