Պայթյուն Դիարբեքիրի դպրոցի մոտ. Կան տուժածներ

Պայթյուն Դիարբեքիրի դպրոցի մոտ. Կան տուժածներ

PanARMENIAN.Net - Պայթյուն է որոտացել Թուրքիայի Դիարբեքիր գավառի Բագլար շրջանում գտնվող դպրոցի բակում: Պայթել է ինքնաշեն սարք, որի հետևանքով 3 դպրոցական է վիրավորվել:

Պայթյունը տեղի է ունեցել դպրոցական տողանի ժամանակ: Տուժած դպրոցականները հոսպիտալացվել են: Իշխանությունները պատասխանատու են համարում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալներին: Սկսվել է հետաքննություն, հայտնում է ՌԻԱ Նովոստին DHA գործակալության վրա հղումով:

Հունվարի 14-ին ևս մեկ հզոր պայթյուն էր որոտացել Դիարբեքիրում, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորների թիվը հասնում է 39-ի: Պայթուցիկով լցոնված մեքենան պայթել է ոստիկանության բաժանմունքի մոտ:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

Օրերս հրապարակված Amnesty International իրավապաշտպան կազմակերպության զեկույցում ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---