Իսրայելը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը

Իսրայելը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը

PanARMENIAN.Net - Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը կոչ է արել Թուրքիային դադարեցնել ահաբեկչության ֆինանսավորումը: Իր հույն պաշտոնակից Փանոս Կամմենոսի հետ Աթենքում կայացած հանդիպմանը Յաալոնը հայտարարել է, որ Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Թուրքիայի կառավարության պատճառով, հայտնում է Աթենքի լրատվական ծառայությունը:

«Թուրքիայի կառավարությունն ինքը պետք է որոշի` ցանկանում է մասնակցել ահաբեկչության դեմ պայքարին»,-ասել է Յաալոնը: Նա կոչ է արել Թուրքիային հրաժարվել ահաբեկիչներին ֆինանսավորելուց: Այդպիսի գործունեության ապացույցներ կան, հավելել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ասել է նաև, որ Անկարան պետք է այլևս թույլ չտա ջիհադականներին Եվրոպա արտագաղթել: Հունաստանի ՊՆ ղեկավարն իր հերթին ասել է, որ ԻՊ նավթի մեծ մասը Թուրքիայի տարածքով է արտահանվում` համակարծիք լինելով, որ Թուրքիան ֆինանսավորում է ահաբեկչությունը:

Նա կոչ է արել Թուրքիայի նախագահ Էրդողանին փոխել երկրի քաղաքական կուրսը: «Մենք հուսով ենք, որ Էրդողանի կառավարությունը երկիրը դեպի ֆունդամենտալիզմ տանելու փոխարեն, կփոխի նավի ուղղությունն ու կտանի դեպի Արևմուտքի արժեքներ»,-հայտարարել է Կամմենոսը:

Թուրքիան հրաժարավել է ստորագրել հակասեմականության դեմ համաեվրոպական հռչակագիրը: Թուրքիայում մոտ 15 հազար հրեա է ապրում, որը նույնիսկ բնակչության մեկ տոկոսը չի կազմում: Հակասեմականությունը Թուրքիայում աճում է մասնավորապես նաև մերձավորարևելյան ճգնաժամի ֆոնին: Նորագույն պատմության մեջ հակասեմականության ամենամեծ աճը գրանցվել է Արդարության ու զարգացման կուսակցության օրոք: Ամենավառ դրվագներից էր բախումը «Մավի Մարմարա» նավի շուրջ, որը Իսրայել էր ուղևորվում հակառակ իսրայելյան կողմի արգելքի ու գրոհի ենթարկվեց Իսրայելի կողմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---