Վրաստանն Ադրբեջանին ականանետներ, նռնականետներ է վաճառել 2015-ին

Վրաստանն Ադրբեջանին ականանետներ, նռնականետներ է վաճառել 2015-ին

PanARMENIAN.Net - Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը 2015-ին Ադրբեջանին վաճառել է ականանետներ և նռնականետներ, իսկ Եգիպտոսին՝ ինկասացիայի մի քանի զրահապատ մեքենա։

Այս մասին հունվարի 27-ին տեղեկացրել է վրաստանյան Նովոստի Գրուզիան՝ նշելով, որ տեղեկությունն իրենց թղթակցին են հաղորդել «Դելտայից»։ Նույն օրն ավելի ուշ լրատվական կայքը խմբագրել է տեքստը՝ հանելով «նռնականետները և ականանետներն Ադրբեջանին վաճառելու» մասին լուրը։

Կայքը նշում է, որ 2015-ին Վրաստանը վաճառել է վերոնշյալ զինատեսակները, սակայն տեքստից հանել է գնորդին՝ Ադրբեջանին։

«Դելտան» արտադրում է PDM-1 մեկանգամյա օգտագործման նռնականետ, ՌՊԳ-7Գ հակատանկային ռեակտիվ նռնականետ, 60 մմ ականանետ (60mm Bicaliber Mortar ), 60 մմ GM-60 ականանետ, 82 մմ GM-82 ականանետ, 120 մմ GM-120 ականանետ, ինչպես նաև 120 մմ GMM-120 ինքնագնաց ականանետային մոդուլ։ Թե այս արտադրանքից հատկապես որն է վաճառվել, դեռևս հայտնի չէ, գրում է Razm.info-ն։ Ինչպես նշում է լրատվամիջոցը, «Դելտան» բանակցություններ է վարում նաև Մոլդովայի հետ հակակարկտային կայաններ վաճառելու վերաբերյալ։

Հավանաբար, խոսքն այն կայանների մասին է, որ «Դելտան» կիրառության է դրել 2015-ի մայիսից Կախեթի շրջանում։ Կայանն ամրացրած է «Դիդգորի» զրահամեքենայի վրա, որը այսպիսով ևս կիրառության է դրվել Վրաստանում, հակառակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելի՝ զրահամեքենայից ու «Դելտայից» դժգոհություններին։

Հունվարի 26-ին Վրաստանի «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի հետ՝ դառնալով այդ երկրի ԶՈւ ավելի վաղ հայտարարած տենդերի հաղթողը։

Հայտնի է, որ Վրաստանը 2015-ի դեկտեմբերին կնքել է պայմանագիր հարյուրից ավելի բժշկական տարհանման զրահամեքենաներ մատակարարելու մասին: Առաջին խմբաքանակը՝ 12 միավոր: Didgori- Medevac կուղարկվի Սաուդյան Արաբիա այս հունվարի 30-ին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---