Նալբանդյան. Ադրբեջանն ուզում է օգտագործել ԵԽԽՎ-ն ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում

Նալբանդյան. Ադրբեջանն ուզում է օգտագործել ԵԽԽՎ-ն ԼՂ  հիմնախնդրի կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Ադրբեջանն ուզում է օգտագործել ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողներին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ԵԽԽՎ-ում երկու հակահայ բանաձևերի քննարկման վերաբերյալ հարցին:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը` ԵԽԽՎ-ն հունվարի 26-ին ընդունել է հակահայկական «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի բանաձևը: Դեմ է քվեարկել 71 պատգամավոր, կողմ` 98:

Միաժամանակ, ԵԽԽՎ-ն մերժել է Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բնաձևը: Բանաձևին դեմ է քվեարկել 70 պատգամավոր, կողմ` 66-ը:

«Չնայած եռանախագահների կոչերին, առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն ուզում է օգտագործել ԵԽԽՎ-ն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում: Ադրբեջանը միտումնավոր է անում ամեն ինչ, որպեսզի վնաս հասցնի եռանախագահների ջանքերին, այն ձևաչափին, որի շրջանակում ընթանում են բանակցությունները, քանի որ սեղանի շուրջ չեն կարողանում փաթաթել իրենց միակողմանի դիրքորոշումը, դեմ են դուրս ԵԱՀԿ-ին, Եվրախորհրդին:

Ադրբեջանը փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում»,- ասել է Նալբանդյանը, գրում է Panorama.am-ը:

Ինչ վերաբերում է Միլիցա Մարկովիչի զեկույցին, որն ընդունվել է պատգամավորների կողմից, նախարարն ասել է, որ այն քննարկվել է սոցիալական հարցերով զբաղվող հանձնաժողովում, ոչ թե քաղաքական, չնայած զեկուցողը փորձել էր որոշ քաղաքական ձևակերպումներ մտցնել այս բանաձևի մեջ:

Նալբանդյանի խոսքով՝ ոչ թե Հայաստանն, այլ Ադրբեջանն է ասում, որ ԵԽԽՎ-ի կողմից ընդունված բանաձևերը թղթի կտոր են. «Ամենաբարձր մակարդակով են ասել դա: Մենք չենք ասում այդպիսի բան, բայց դրա հետ մեկտեղ պետք չէ ուռճացնել, չափազանցնել այդ կարգի բանաձևերի նշանակությունը», մեջբերում է Aravot.am-ը:

Արտգործնախարարը հիշեցրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արած հայտարարությունը, ըստ որի, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը այլ ձևաչափեր տեղափոխելը կարող է ոչ միայն չնպաստել, այլև վնաս հասցնել հիմնախնդրի կարգավորմանը:

ԱԳ նախարարի խոսքով՝ համանախագահների հայտարարությունը Ադրբեջանի համար էլ անակնկալ չէր կարող լինել. «Այլ բան է, որ Ադրբեջանը դժգոհում է, քանի որ այդ հայտարարությունն առաջին հերթին ուղղված էր հենց Ադրբեջանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք ասել ենք այն, ինչ եռանախագահները: Այս հարցում մեր կարծիքները համընկնում են»:

Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

«Մինսկի խմբի համանախագահ երկրներն իրենց հրապարակային հայտարարություններում հասցեական կոչեր են հղել Ադրբեջանին՝ չսրելու իրավիճակը հակամարտության գոտում, վերահաստատելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, իրականացնելու վստահության ամրապնդման միջոցները, ընդունելու միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկությունները, զերծ մնալու բանակցային միակ ձևաչափը հանդիսացող Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերը քննադատելուց, հարգելու նրանց մանդատը, առաքելությունը, դադարեցնելու բանակցային գործընթացն այլ ձևաչափեր տեղափոխելու քայլերը:

Ադրբեջանն արհամարհել է համանախագահների՝ իրեն ուղղված վերոնշյալ կոչերը, գնացել է իրավիճակի առավել սրմանը, ինչի պատճառով չի հաջողվել առաջընթաց գրանցել ինչպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ, այնպես էլ եռանախագահների առաջարկություններն իրականացնել դարձնելու գործում»,- ասել է արտգործնախարարը, գրում է Tert.am-ը:

Նալբանդյանը միաժամանակ նշել է, թե լավ է, որ ԵԽԽՎ պատգամավորները բրիտանացի պատգամավոր Ռոբերթ Ուոլթերի բանաձևին դեմ քվեարկեցին՝ այդպիսով քվեարկելով խաղաղ գործընթացի օգտին:

Ինչ վերաբերում է հայ պատգամավորների աշխատանքին, ԱԳ նախարարն ասել է, որ հայ դիվանագետները, պատգամավորներն արել են և կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի թույլ չտան որևէ քայլ, որը կվնասի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին:

Ասուլիսի ընթացքում Նալբադյանը խոսել է նաև մի շարք այլ թեմաների շուրջ՝ ամփոփելով 2015-ի դիվանագիտական արդյունքները: Նա նշել է, որ 2015-ի հունվարից Հայաստանը դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, ինչը, նախարարի խոսքով, բխում է Հայաստանի ռազմավարական շահերից, նոր հնարավորություններ է բացում երկրի տնտեսական զարգացման համար` այդ ինտեգրացիոն ձևաչափում բարենպաստ պայմաններ ստեղծելով ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժման տեսանկյունից։ Նա հիշեցրել է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հոկտեմբերին ընդունված որոշման համաձայն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան 2016-ի փետրվարից չորս տարի ժամկետով կնախագահի Հայաստանի կողմից առաջադրված Տիգրան Սարգսյանը:

Իսկ 2015-ին սեպտեմբերին Հայաստանը ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախագահությունը՝ շարունակելով հանդես գալ այդ կառույցում որպես նախաձեռնող և ակտիվ մասնակից։ Մոսկվայում դեկտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության ղեկավարի նախագահությամբ կայացել է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Կառույցում Հայաստանի նախագահության ընթացքում՝ սեպտեմբերին Նյու Յորքում, իսկ դեկտեմբերին Բելգրադում տեղի են ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հանդիպումները՝ նվիրված արտաքին քաղաքականության համադրման հարցերին։

Նալբանդյանն ընդգծել է, որ ՌԴ հետ դաշնակցային, ռազմավարական գործընկերության ամրապնդումը շարունակել է առանցքային տեղ զբաղեցնել արտաքին քաղաքականության օրակարգում:

Նրա խոսքով՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի նախագահները մոտ մեկ տասնյակ հանդիպում են ունեցել, որոնց արդյունքներով ձեռք են բերվել ռազմավարական նշանակություն ունեցող պայմանավորվածություններ քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական, էներգետիկ, գիտակրթական, մշակութային և այլ ոլորտներում:

Միաժամանակ, Նալբանդյանը նկատել է, որ Շարունակել է ակտիվորեն զարգանալ բարեկամական գործընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ: Հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արտոնագրային ռեժիմի դյուրացման մասին պայմանավորվածությունը: Մայիսի 7-ին ստորագրվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը:

Ագ նախարարը նշել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում կարևոր տեղ է շարունակել զբաղեցնել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը։ Նախագահ Սարգսյանը մայիսին մասնակցել է Ռիգայում կայացած Արևելյան գործընկերության չորրորդ գագաթաժողովին: Հուլիսի 20-ին Եվրոպական խորհրդի նախագահ Տուսկն այցելել է Հայաստան: Հունվարին Եվրոպական միության կենտրոնակայանում կայացել է Հայաստան - Եվրոպական միություն խորհրդի նիստը։

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ԱԳ նախարարը և ԵՄ միասնական արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչն ազդարարել են ՀՀ-ԵՄ երկկողմ հարաբերությունների նոր իրավական հիմք հանդիսացող համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը։

Բարձր մակարդակի փոխայցելություններ և հանդիպումներ են կայացել մի շարք եվրոպական երկրների հետ՝ Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Իտալիա, Լատվիա, Սերբիա, Կիպրոս, Չեխիա և այլն:

Նշանակալի աշխատանքներ են իրականացվել հարևան պետությունների` Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Նալբանդյանի խոսքով՝ Թուրքիայի ոչ կառուցողական դիրքորոշման պատճառով հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ չի արձանագրվել: Փետրվարի 16-ին Նախագահ Սարգսյանը խորհրդարանից հետ է կանչել 2009թ․ ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները:

Հայաստանը գործնական մասնակցություն է ունեցել ԱՊՀ կառույցներում ծավալվող գործընթացներին, ինչպես նաև քայլեր է ձեռնարկել ԱՊՀ մասնակից պետությունների հետ ձևավորված ավանդական կապերի զարգացման նպատակով: Շարունակել է ընդլայնել հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների հետ։

Զարգացել են հարաբերությունները Ճապոնիայի, Հնդկաստանի, Հարավային Կորեայի, Վիետնամի, Ինդոնեզիայի հետ:

Հունվարի 1-ից Երևանում սկսել է գործել Ճապոնիայի դեսպանությունը: Հայաստան է այցելել Ճապոնիայի արտաքին գործերի պետական նախարարը:

Ագ նախարարը նշել է, որ Հայաստանն իր նպաստն է բերել միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացին։ Սեպտեմբերին Հանրապետության Նախագահը մասնակցել է՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայացած խաղաղապահության հարցերով գագաթաժողովին։ Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու մասնակցությունը Կոսովոյում, Աֆղանստանում, Լիբանանում և Մալիում խաղաղապահ առաքելություններին:

ՀՀ նաև շարունակել է ակտիվ աշխատանքները ՄԱԿ-ի կառույցներում: Մեծ ուշադրություն է հատկացվել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, միջազգային և տարածաշրջանային այլ կառույցներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը։

2015-ին ստորագրվել է 89 միջազգային պայմանագիր և 21 միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթուղթ, վավերացվել 68 և ուժի մեջ է մտել 42 միջկառավարական, միջպետական և միջգերատեսչական փաստաթուղթ: ԱԳՆ նախաձեռնությամբ մշակվել և ընդունվել են շուրջ 80 իրավական ակտերի նախագծեր:

Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ-ն վերահաստատել է՝ ՄԽ-ն ԼՂ հակամարտող կողմերի երկխոսության միակ ֆորմատն է

Անդրեյ Սորոկին. ԵԽԽՎ-ն փորձում է անտեսել բոլոր սկզբունքները, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---