ՄԱԿ. Ջիզրեում խաղաղ բնակիչների հրետակոծումը հանցագործություն է

ՄԱԿ. Ջիզրեում խաղաղ բնակիչների հրետակոծումը հանցագործություն է

PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է մանրակրկիտ կերպով հետաքննի երկրի հարավ-արևելքում` Ջիզրե քաղաքում մի խումբ խաղաղ բնակիչներին տանկերից հրետակոծելու հանգամանքները: Հարձակումը քաղաքացիական անձանց վրա հանցագործություն է, հայտարարել է ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Զեյդ Ռահադ ալ Հուսեյնը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հանձնակատարը նաև «լուրջ մտահոգություն է հայտնել» օպերատոր Ռեֆիկ Թեկինի ձերբակալության, որը նկարահանել է գնդակոծությունը, ինչպես նաև կալանավայրում երկու այլ հայտնի լրագրողների գտնվելու ծանր պայմանների վերաբերյալ:

«Ոճրագործությունը տեսանկարահանելը հանցագործություն չէ, սակայն անզեն քաղաքացիական անձանց վրա կրակելն, անկասկած, հանցագործություն է»,-ասել է հանձնակատարը:

Ըստ Ալ Հուսեյնի, Թուրքիան պետք է «անկախ ու անաչառ հետաքննություն սկսի» այդ դեպքի, նաև խաղաղ բնակիչների սպանության այլ դեպքերի առնչությամբ: Վերոնշյալ տեսագրությունը «լուրջ հարցեր է առաջ քաշում այն մասին, թե ինչ է կատարվում Ջիզրայում և Թուրքիայի հարավ-արևելյան մյուս շրջաններում, որոնք, ենթադրաբար, կտրված են արտաքին աշխարհից զինվորականների օգնությամբ»:

«Մոտ 10 օր առաջ Ջիզրեում նկարահանված Թեկինի կադրերը շոկ են առաջացնում: Մի խումբ անզեն մարդիկ, որոնց առաջնորդում են սպիտակ դրոշներով տղամարդ և կին, և որոնք, ըստ հաղորդագրությունների, սայլով զոհվածների մարմիններն էին տեղափոխում: Նրանց հետևում էին տանկերը: Հենց որ նրանք անցան ճանապարհը, հրետակոծության տակ հայտնվեցին, իսկ Թեքինը շարունակում էր նկարահանել, թեև տեսախցիկի վրա արյան կաթիլներ հայտնվեցին…Ամենակարևորը, երբ դիտեք տեսանյութը, ձայնը ամբողջ հզորությամբ միացրեք, ..դա սարսափելի է»,-պատմել է Ալ Հուսեյնը:

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել քրդաբնակ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Դիարբեքիրի Սուր շրջանում, Շիրնակ գավառի Ջիզրե և Սիլոպի բնակավայրերում, Մարդինի որոշ հատվածներում, որտեղ շարունակվում են ուժայինների և գրոհայինների բախումները:

Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել, որտեղ ասվում է, որ Թուրքիայի կառավարության գործողությունները երկրի քրդաբնակ շրջաններում անմիջական «սպառնալիք են մոտ 200 հազար մարդու կյանքին և կարող են դիտարկվել որպես հավաքական պատիժ», որի կիրառումն արգելված է Ժնևի 1949թ. օգոստոսի 12-ի կոնվենցիայով:

Բնակչության շրջանում հարցման միջոցով կազմակերպության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ քրդերի կոմպակտ բնակության վայրերում հաճախ «շուրջօրյա պարտեային ժամ» է հայտարարվում կամ դադարեցվում է բոլոր սոցիալական ծառայությունների աշխատանքը: Ականատեսները պատմել են, որ որոշ բնակիչներ «արդեն մեկ ամսից ավելի է, չեն կարողանում լքել տները` զրկված լինելով ջրից, սնունդից և բուժօգնությունից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---