Հունվարին զբոսաշրջիկների հոսքն Անթալիա նվազագույնն է եղել վերջին 10 տարում

Հունվարին զբոսաշրջիկների հոսքն Անթալիա նվազագույնն է եղել վերջին 10 տարում

PanARMENIAN.Net - Թուրքական Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչությունը հայտարարել է, որ ընթացիկ տարվա հունվարին Անթալիա այցելած ռուս զբոսաշրջիկների քանակը նվազել է 5 անգամ` նախորդ տարվա համեմատ:

Ռուս զբոսաշրջիկների այցելությունների քանակի ռեկորդային անկումը մտահոգել է Անթալիայի բնակիչներին: Ըստ Անթալիայի մշակույթի և զբոսաշրջության վարչության տվյալների, ընթացիկ տարվա հունվարին Ռուսաստանից Անթալիա է այցելել ընդամենը 2427 զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ 2015-ի հունվարին այդ ցուցանիշը կազմել է 12 870 մարդ, հայտնում է ren.tv-ին:

Իսկ հանգստացողների ընդհանուր թիվը հունվարին ամենացածրն է եղել վերջին 10 տարում:

Նշվում է, որ զգալիորեն նվազել է ոչ միայն ռուս զբոսաշրջիկների քանակը, այլ նաև Իտալիայից, Բելգիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից այցելուների թիվը:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց Սիրիայի երկնքում, որից հետո ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան: Մոսկվան պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի հետ: Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից չեղարկել է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում:

Թուրքիայում 1300 հյուրանոց է հանվել վաճառքի Էգեյան և Միջերկրական ծովերի ափին` երկրում անվտանգության հետ կապված իրավիճակի վատթարացման և ՌԴ հետ ճգնաժամի պատճառով: Ամենից շատ է Անթալիայում վաճառվող հյուրանոցների քանակը` մոտ 410 հյուրանոց, որից 120-ը` 5-աստղանի: Որպես հյուրանոցների վաճառքի պատճառ թերթը նշում է տնտեսական դժվարությունները, զբոսաշրջիկների հոսքի նվազումը եվրոպական երկրներից և ամրագրումների չեղարկումը, ինչպես նաև հյուրանոցների սեփականատերերի պարտքերը բանկերին:

«Ինքնաթիռի հետ կապված ճգնաժամը շատ մեծ ազդեցություն ունեցավ: Միայն Անթալիայում հյուրանոցները փակ են արդեն 4 ամիս, շատերը սնանկության եզրին են»,-հայտարարել է Անթալիայի հյուրանոցներից մեկի տնօրեն Աբդուրահման Ղարամանօղլուն:

Ավելի վաղ գերմանական Die Zeit-ը գրել է, որ զբոսաշրջությունը Թուրքիայում կորցրել է հիմնական հաճախորդներին, որի հետևանքներն աղետալի կլինեն երկրի տնտեսության համար: Անհաջողությունները, որ կուտակվել են զբոսաշրջային բիզնեսի վրա, կազդեն երկրի ամբողջ տնտեսության վրա: «Զբոսաշրջությունը Թուրքիայի տնտեսության շատ կարևոր մաս է և արտարժույթի հիմնական աղբյուրներից մեկը»,-ասում է Գերմանիայի Միջազգային համագործակցության ընկերակցության մասնագետ Մարտինա Սիմոնը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---