Amnesty International. Մարդու իրավունքների գծով ամենամեծ հետընթացը Եվրոպայում Թուրքիայում է գրանցվել

Amnesty International. Մարդու իրավունքների գծով ամենամեծ հետընթացը Եվրոպայում Թուրքիայում է գրանցվել

PanARMENIAN.Net - 2015-ին մարդու իրավունքների ոլորտում ամենամեծ հետընթացը Եվրոպայում Թուրքիայում է արձանագրվել, ասվում է միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության ամենամյա զեկույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես նշում են Amnesty International-ի իրավապաշտպանները, 2015-ին թուրքական ԶԼՄ-ները կառավարության կողմից աննախադեպ ճնշման են ենթարկվել, զգալիորեն տուժել է արտահայտվելու ազատությունն ինտերնետում և դրանից դուրս, խախտվել է նաև խաղաղ հավաքների իրավունքը:

Զեկույցում ասվում է «խաղաղ ցուցարարների դատական հետապնդման և դատապարտման մասին», քաղաքական ակտիվիստների, լրագրողների և ռեժիմի այլ քննադատների «դեմ անարդար մանր քրեական գործերի հարուցման մասին»: Նշվում է նաև, որ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող օրենքները Թուրքիայում «մշուշոտ են և լղոզված»: Իրավապաշտպանները պնդում են, որ 2015-ին կտրուկ աճել են թուրքական ոստիկանության կողմից լիազորությունների չարաշահման մասին հաղորդագրությունները: Ընդ որում, 2015-ի մարտին ընդունված օրենսդիր ուղղումներն ազգային անվտանգության մասին փաթեթից, ինչպես կարծում են Amnesty International-ում, հակասում են ուժի կիրառման միջազգային չափանիշներին:

Բացի այդ, զեկույցում ասվում է, որ Թուքիայի և ԵՄ միջև միգրացիայի մասին համաձայնագրի կնքումից հետո երկրում ավելի հաճախակի են դարձել փախստականների կամայական ձերբակալություններն ու արտաքսումները: «Սեպտեմբերին առնվազն 200 փախստական, հիմնականում սիրիացիներ, որոնք փորձել են ապօրինի անցնել Հունաստան, կալանքի տակ են պահվել Թուրքիայի տարբեր շրջաններում` առանց արտաքին աշխարհի հետ կապի կամ ուղղակի գաղտնի: Շատերին ստիպել են «կամավոր» վերադառնալ Սիրիա կամ Իրաք, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է»,-ասվում է զեկույցում:

Մինչդեռ, ինչպես նշում է Amnesty International-ը, «մարդու իրավունքների չափազանց լուրջ խախտումները Թուրքիայում» փաստացի անտեսվեցին ԵՄ կողմից: Ինչպես նշել է Amnesty International-ի Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային տնօրենի տեղակալ Դենիս Կրիվոշեևը, սովորաբար նման խախտումները «շատ խիստ քննադատության են արժանանում» ԵՄ կողմից, սակայն, «երբ ԵՄ համար կարևոր էր պայմանավորվել Թուրքիայի հետ փախստականների հարցում, այդ քննադատությունը շատ թույլ էր, երբեմն իսպառ բացակայում էր»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---