Կրասնոդարի հայերը պահանջում են սանձել Թուրքիային եւ թույլ չտալ եւս մեկ Ցեղասպանություն

PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայոց Առաքեական Եկեղեցու (ՀԱԵ) բոլոր թեմերում կայացել են հունվարի 19-ին Ստամբուլում սպանված Թուրքիայում լույս տեսնող «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի հոգեհանգտսի արարողություններ: Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հոգեհանգստի արարողությունը կայացել է նաեւ Կրասնոդարի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ հայկական եկեղեցում: Արարողությունը ղեկավարել է ՀԱԵ Ռուսաստանի հարավային թեմի առաջնորդ Եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը, Կրասնոդարի եկեղեցու վանահայր Տեր Հարություն Բայադյանը եւ քահանա տեր Դանիել Կուկույանը: Ինչպես իր քարոզում նշել է Տեր Դանիելը, «չնայած, որ մոտենում է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը, մինչեւ հիմա մեր որդիներն ու դուստրերը Թուրքիայում տուժում են միայն հայ լինելու պատճառով»:



Հոգեհանգստի արարողությունից հետո եկեղեցու բակում հիշատակի հանրահավաք անցավ, որին հավաքված մարդիկ ընդունեցին Միջազգային հանրությանն ուղղված հայտարարություն, որում մասնավորապես ասվում է, որ Հրանտ Դինքի սպանությունը դարձել է Թուրքիայի իշխանությունների կողմից տարվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ ատելության քաղաքականության արդյունք, եւ կատարված ոճրագործությունը հանդիսանում է ահաբեկում բոլոր նրանց համար, ով փորձում է Թուրքիայում նույնիսկ փոքր քայլերով շարժվել Հայոց Հարցի քննարկման ուղղությամբ: «Թուրքիայի իշխանությունները պատասխանատվություն են կրում կատարվածի համար, չնայած սպանությունն իրականացրածների փնտրման ջանքերին: Հրանտ Դինքի սպանության պատվիրատուները հենց Թուրքիայի իշխանություններն են, որոնք երկրում անհանդուրժողության միջավայր են ստեղծել: Արդեն մեկ դար է թուրքական իշխանությունները իրենց բնակչությանը ներշնչում են, որ թուրքիան բարձրագույն ազգն է, եւ այդ պատճառով զարմանալի չէ, որ նման հանցագործություն տեղի է ունեցել հայի նկատմամբ: Ոչ մի կասկած չկա, որ կյանքի սպառնալիք գոյություն ունի ցանկացած հայի համար Թուրքիայի տարածքում: Այս հանցագործությունը վկայում է այն մասին, որ Թուրքիայում հանդուրժողականություն չկա ազգային փոքրամասնությունների նկատմամբ, ինչպես եւ չկար հարյուր տարի առաջ, երբ իրենց Հայրենիքում` Արեւմտյան Հայաստանում ոչնչացվել է մոտ երկու միլիոն տեղացի հայ բնակչություն: Թուրքիան հերթական անգամ ցույց տվեց, որ նա տեղ չունի քաղաքակիրթ Եվրոպայում: Կրասնոդարի հայերը պահանջում են սանձել Թուրքիային եւ թույլ չտալ եւս մեկ Ցեղասպանություն»,- նշվում է Կրասնոդարի հայերի հայտարարության մեջ` ստորգրված Կրասնոդարի շրջանի հայկական կազմակերպությունների կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---