Reuters. Միասնական Եվրոպայի կառուցումը ԵՄ առաջնորդների համար կարող է վերածվել Բաբելոնի աշտարակի

Reuters. Միասնական Եվրոպայի կառուցումը ԵՄ առաջնորդների համար կարող է վերածվել Բաբելոնի աշտարակի

PanARMENIAN.Net - Եվրամիության առաջնորդները, անկարող լինելով պայմանավորվել, վտանգում են միասնական Եվրոպայի կառուցումը, որը նրանց համար կարող է Բաբելոնի աշտարակ դառնալ, գրում է Reuters-ը:

«Ինչպես բիբլիական Բաբելոնի աշտարակի դեպքում էր, Եվրոպայի հավակնոտ կառուցումը ևս ձախողման վտանգի տակ է, քանի որ նրա ժողովրդները նույն լեզվով չեն խոսում»,-նշում է գործակալությունը:

Եվ եթե եվրոպական այլ ճգնաժամերի ժամանակ տարաձայնությունների մասին կարելի էր կամ մոռանալ, կամ աստիճանաբար հարթել դրանք, ապա ինչպես կարելի է հետաձգել կամ հարթել միգրացիոն ճգնաժամը, հայտնի չէ:

Ըստ Բաբելոնի աշտարակի մասին առասպելի, որը նկարագրված է Հին կտակարանում, Աստված աշտարակի շինարարների համար նոր լեզուներ ստեղծեց, նրանք դադարեցին իրար հասկանալ և ցրվեցին աշխարհով այդպես էլ ավարտին չհասցնելով շինարարությունը:

Հոդվածի հեղինակ Փոլ Թրեյլորի տեսակետից, Եվրամիության երկրների այժմյան ղեկավարությունը նման խնդիրների առջև է կանգնել` նրանց տեսակետները չափից ավելի տարբեր են առավել սուր եվրոպական խնդիրների լուծման վերաբերյալ:

Զարմանալի չէ, որ Եվրամիությունը չի կարողանում միասնական կարծիքի գալ, երբ եվրոպական երկրների ներքին օրակարգն այդքան տարբեր է, նշում է հեղինակը:

Գերմանիայում այժմ դաժան վեճեր են ընթանում այն մասին, թե ինչպես կասեցնել փախստականների հոսքը` սահմանափակել, թե կասեցնել: Ֆրանսիան այլ խնդիրներ ունի` նա մինչ օրս ուշքի չի եկել Փարիզի ահաբեկչությունից հետո և, ըստ հեղինակի, «համարում է, որ պատերազմական վիճակում է գտնվում»:

Մեծ Բրիտանիայի օրակարգում Եվրամիությունից անջատվելու մասին հանրաքվեն է:

Եվրոպայի արևելքում` Լեհաստանում, մարդիկ վիճում են ՍԴ և ԶԼՄ-ների լիազորությունների սահմանափակման վերաբերյալ նոր կառավարության փորձերի մասին, ինչպես նաև «ռուսական սպառնալիքի»:

Կենտրոնական Եվրոպայում քննարկում են, թե ինչպես կարելի է դիմակայել Գերմանիայի ճնշմանը, որը պահանջում է ընդունել փախստականնեի մի մասին:

Հարավում Իտալիան և Պորտուգալիան համակված են սեփական տնտեսությունների վերածնման գաղափարով, իսկ Իսպանիան` կատալոնական անջատողականությամբ, քաղաքական կաթվածով և երկրի տրոհման վտանգով: «Երբ այդ երկրների առաջնորդները հավաքվում են Բրյուսելում, հաճախ նույնիսկ չգիտեն, թե ինչ քննարկեն»,-գրոմ է Reuters-ը:

Իրադարձությունները տեղերում չափազանց արագ են զարգանում, փաստում է հեղինակը: Մասնավորապես, Ավստրիան փետրվարի կեսին միակողմանի կարգով ամենօրյա սահմանափակումներ է դրել ներգաղթյալների քանակի առումով:

Բացի այդ տասնյակ հազարավոր փախստականներ են կուտակվել Հունաստանում: Երկրի վարչապետն արդեն սպառնացել է արգելափակել Եվրամիության բոլոր ապագա համաձայնագրերը, եթե գործընկերները չօգնեն փախստականների բաշխման հարցում:

Reuters-ը նշում է, որ ԵՄ երկրները հիմնականում անտեսում են նախորդ տարի ընդունված փախստականների քանակի վերաբերյալ սահմանափակումները: Հունգարիան այժմ պատրաստվում է հանրաքվե անցկացնել, պարզելու համար ընդունել այդ քվոտաներով միգրանտներին, թե ոչ:

Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան գերադասում են «չմիջամտել», Անգելա Մերկելին օգնելու փոխարեն:

Հոդվածի հեղինակի խոսքերով, Եվրոպան ստիպված կլինի 2 տարով դադարեցնել Շենգենի համաձայնագիրը, թույլ չտալու համար, որ տարածաշրջանը փլուզվի: Շենգենի գոտու ներսում ճամփորդող մարդիկ կրկին անձնագրային հսկողություն կանցնեն և ստուգումների կենթարկվեն:

Այսպիսով, եվրոպական համագործակցության գլխավոր նվաճումներից մեկը` Շենգենը, «արհեստական կոմայի» մեջ է հայտնվել, թույլ չտալու համար, որ «մեռնի»: Հավանաբար, երկար հերթերը, որոնք արդեն մոտ 20 տարի է բացակայում էին սահմաններին, կրկին կհայտնվեն:

«Եթե Եվրոպայի թույլ առաջնորդները շարունակեն շեղվել ներքին բանավեճերի վրա, հետպատերազմական շրջանում երկրների բարեկեցության հիմք հանդիսացող միությունը կսկսի փլուզվել»,-ամփոփել է հեղինակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---