Բուլղարիայի լցակայաններում ԻՊ արտադրության վառելիք է վաճառվում

Բուլղարիայի լցակայաններում ԻՊ արտադրության վառելիք է վաճառվում

PanARMENIAN.Net - Բուլղարիայի լցակայաններում վաճառվում է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կողմից արտադրված բենզինն ու դիզելային վառելիքը, հայտնում է Lenta.ru-ն, տեղական «Տրուդ» թերթի վրա հղումով: Ստուգման համար առիթ են հանդիսացել ՌԴ-ից և ԱՄՆ-ից ստացած արբանյակային լուսանկարները, որոնց շնորհիվ բացահայտվել է մաքսանենգ վառելիքի առաքման սխեման դեպի Բուլղարիա: Բենզինը Բուրգասի և Վառնայի նավահանգիստներ է հասցվում տանկերներով: Ըստ փաստաթղթերի, այն ստացվում է Հունաստանից և համարվում է ԵՄ ներքին առաքում: Սակայն պարզվել է, որ տանկերները կանգառ ունեն Սև ծովի և Միջերկրական ծովի 7 թուրքական նավահանգստում: Ենթադրաբար, հենց այնտեղ էլ բեռնվում է մաքսանենգ վառելիքը:

«Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ծառայության և ազգային անվտանգության պետական գործակալության աշխատակիցները զանգվածային ստուգումներ են անցկացնում Սոֆիայի և երկրի ևս 15 շրջանի լցակայաններում: Ստուգվում է մոտ 50 առևտրի օբյեկտ»,-նշում է թերթը:

Նշվում է, որ մաքսանենգ վառելիքն աչքի է ընկնում ցածր որակով` բենզինի շեղումը ԵՄ նորմերից կազմում է 20-40 տոկոս, իսկ դիզելայինինը` 35-70 տոկոս:

Բազմիցս է հայտարարվել, որ Թուրքիան ԻՊ նավթի վաճառքի շղթաների օղակներից մեկն է: Այդ հաղորդագրություններն ավելի ուշ հաստատվեցին արբանյակային հետախուզության տվյալներով: ՌԴ-ն բազմիցս հայտարարել է ԻՊ-ի գրոհայինների կողմից դեպի Թուրքիայի տարածք նավթի մաքսանենգության մասին:

ՌԴ ՊՆ-ն հրապարակեց ԻՊ վերահսկվող տարածքներից դեպի Թուրքիայի նավթի արտահանման ապացույցները, որի գլխավոր շահառուներ հայտարարվեցին Թուրքիայի նախագահն ու նրա ընտանիքի անդամները: Ռուսաստանի ՆԳՆ-ն հրապարակել է լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում արձանագրված է թուրքական նավահանգիստներում բենզատար մեքենաների կուտակում, որոնք ժամանել են իսլամիստներին ենթակա տարածքներից: RBC-ն հայտնում է, որ խոսքը մասնավորապես Թուրքիայի Դերթիյոլ և Իսանդերուն նավահանգիստների մասին է:

Չնայած ԻՊ-ի գրոհայինները նավթը վաճառում են իր ինքնարժեքից ցածր գնով, ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հումքի վաճառքը գնահատել է մոտ 500 մլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---