Մ.Բրայզա. «Ղարաբաղի խնդիրը կկարգավորվի, ես զգում եմ դա, բայց չեմ կարող ասել, թե երբ»

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Փարիզում Էներգետիկայի հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակներում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Մեթյու Բրայզայի եւ Բերնար Ֆասյեի հանդիպումը խորհրդատվական նպատակով: Այդ մասին Բաքվում հայտարարել է Մ. Բրայզան: Նրա խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը լավ է աշխատում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար քաղաքական կամք է հարկավոր: Այժմ իրավիճակը բարդ չէ, սակայն բավականին բարդ է ժամանակացույցը, քանի որ Հայաստանում ընտրությունների տարի է: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում զարգանում է ժողովրդավարությունը, ընտրություններ են անցնում` դա լավ է: Խնդիրը կլուծվի, ես զգում եմ դա, բայց չեմ կարող ասել, թե երբ: Կարող եմ ասել, որ լավատես եմ այս հարցի լուծման առումով, սակայն չեմ կարող ինքս լուծել այն: Մենք սպասում ենք, որ նախագահները պատրաստեն հասարակություներին: Մեր աշխատանքն է օգնել երկու կողմերին քայլ առ քայլ բանակցություններ վարել»,-ընդգծել է ամերիկացի համանախագահը:



Մեթյու Բրայզան հաղորդել է նաեւ, որ մի քանի շաբաթից տեղի կունենա Հայաստանի եւ Ադրբեջանի արտոգրծնախարարների հանդիպումը: Նրա խոսքերով, համանախագահների այց տարածաշրջան չի սպասվում: Ինչ վերաբերում է Կոսովոյի տարբերակի կիրառմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում, համանախագահը նշել է, որ աշխարհում յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, եւ պետք չէ այս կամ այն հակամարտության լուծումը որպես մոդել ընդունել: «Կան մի քանի տեխնիկական տարրեր հիմնական գաղափարների շուրջ տարաձայնությունները վերացնելու համար: Կարծում եմ, մենք քիչ թե շատ ընդհանուր լեզու գտել ենք: Կողմերի միջեւ չկան խորը տարաձայնություններ»,-ասել է Բրայզան, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---