ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները գրոհել են Հալեպի մերձակա Հան Թոուման քաղաքը

ԶԼՄ-ներ. Ահաբեկիչները գրոհել են Հալեպի մերձակա Հան Թոուման քաղաքը

PanARMENIAN.Net - «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն ու նրանց դաշնակիցներն ընդդիմությունից փորձել են գրավել սիրիական Հան Թոուման քաղաքը, որը գտնվում է Հալեպից դեպի հարավ: Ինչպես հայտնել է Al Mayadeen հեռուստակայանը, զինյալները գրոհել են 3 կողմից մեծ ուժերով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ըստ հեռուստակայանի, սիրիացի զինծառայողներն ու աշխարհազորայինները կարողացել են հետ մղել հարձակումը: Սակայն մարտերը քաղաքի մատույցներում դեռևս շարունակվում են: Մարտեր են գնում նաև Զեյթանում, Հալիադիայում, Բարնայում և Իսում: Սիրիական օդուժը հարվածներ է հասցնում հակառակորդի շարասյուներին, նրանք կորուստներ են կրում:

Ինչպես հայտնել է ռազմական փորձագետ Հուսեյն Մուրթադան, Հան Թոումանի գրոհին «Ջեբհաթ ան Նուսրայից» բացի մասնակցել են «Ահրար աշ Շամ», Նուրեդդին Զենգիի բրիգադ» և «Գեյլաք աշ Շամ» խմբավորումները:

Սիրիական բանակի մարտիկները 3 անգամ կարողացել են կանխել ականապատ մեքենաների պայթյունն իրենց հենակետերի մոտ` նախապես ոչնչացնելով դրանք:

Հան Թոումանը, որը ավազակախմբերի խոշոր հենակետ էր Հալեպից դեպի հարավ ընկած տարածքում, ազատագրվեց կառավարական ուժերի կողմից 2015-ի դեկտեմբերի 20-ին:

Հարձակումը վկայում է, որ «Ջեբհաթ ան Նուսրան» ու նրա դաշնակիցները ձգտում են ամեն գնով ձախողել «լռության ռեժիմը» Հալեպում:

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել էր, որ Վաշինգտոնը պայմանավորվել է Մոսկվայի հետ Հալեպի գավառում կրակի դադարեցման վերաբերյալ` այդ ռեժիմն արդեն ուժի մեջ է մտել մայիսի լույս 5-ի գիշերը տեղական ժամանակով 12:00-ից: Սիրիայի բանակի հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ հրադադարը Հալեպում կսկսվի մայիսի լույս 5-ի գիշերը և կտևի 48 ժամ:

Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---