ՀԷՑ-ը Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքին բնակարան է նվիրել

ՀԷՑ-ը Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքին բնակարան է նվիրել

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության արհեստակցական կազմակերպությունը բնակարան է ձեռք բերել Գյումրիում բնակվող, Թալիշում զոհված Հրաչ Գալստյանի ընտանիքի համար։

Ապրիլի 3-ին Թալիշ գյուղում զոհվեց գյումրեցի ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանը։ Երիտասարդի ընտանիքը սպասում էր իր առաջնեկին։ Գալստյանների ընտանիքի ճակատագիրը 1988-ի երկրաշարժի հետևանքով ողբերգական է։ Այն ժամանակ Հրաչի հայրը՝ Վարդանը, կորցրել էր իր ընտանիքը։ Որոշ ժամանակ անց իր մեջ ուժ էր գտել և նոր ընտանիք կազմել, երկու որդի ունեցել՝ Հրաչին և Աղասին։ Երկուսն էլ զինվորական են:

Հայաստանի զինված ուժերում Հրաչ Գալստյանը ծառայում էր 2007-ից։ Զինվորական ինստիտուտն ավարտելուց հետո նրան ուղարկում են ծառայելու Թալիշում։ Մեկ տարի առաջ Հրաչն ամուսնանում է։ Երիտասարդ լեյտենանտի կինը նույնպես զինվորականի ընտանիքից է, Ադրբեջանի սահմանին մոտ գտնվող Մատաղիս գյուղից։ Մայիսին երիտասարդ ընտանիքն իր առաջին զավակը պետք է ունենար։ Հրաչ Գալստյանը զոհվեց ապրիլի 3-ին, իսկ մայիսի 6֊ին ծնվեց նրա դուստրը՝ Անահիտ Գալստյանը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500.000-ական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախում զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքի:

Ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Արցախին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---