Ս.Մարկեդոնով.Նյարդայնացնում է այն նեղացկոտությունը, որով ՌԴ-ն խոսում է Կովկասում Արեւմուտքի շահերի մասին

PanARMENIAN.Net - Ռուսաստանը պետք է սթափ մոտենա Կովկասի տարածքում ամերիկյան ՀՀՊ տեղակայման հնարավորությանը, հայտարարել է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի պետ Սերգեյ Մարկեդոնովը: «Բացակայում է գիտակ մարդկանց եւ ռազմական փորձագետների պրագմատիկ խոսակցությունը: Կոնկրետ Ինչո՞վ է դա մեզ սպառնում: Ինչպիսի՞ մարտահրավերներ եւ հետեւանքներ դա կարող է ունենալ»,-նշել է նա: Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացման շրջանակներում Կովկասում հակահրթիռային պաշտպանության ռադար տեղակայելու ԱՄՆ մտադրությունների մասին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ՀՀՊ գծով գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը Բրյուսելում կայացած մամլո ասուլիսի ժամանակ:



Ըստ Ս.Մարկեդոնովի, ամերիկյան ռադարի տեղակայման հեռանկարը Ռուսաստանի անմիջական հարեւանությամբ պետք է ազդանշան լինի իշխանությունների համար` որ անհրաժեշտ է մտածել Արեւմուտքի հետ գործակցության հարցերը լրջորեն քննարկելու մասին:



«Ես տեսնում եմ, որ իրական մարտահրավերների մեծ մասը միավորում է Ռուսաստանն ու Արեւմուտքը: Դա իսլամական ծայրահեղականությունն է, ահաբեկչական սպառնալիքը, որը բխում է ծայրահեղական իսլամից, անկանխատեսելի ռեժիմները հետխորհրդային տարածքում ընդհանուր առմամբ: Այս իրավիճակում մենք չենք կարող դիմակայության մեջ մտնել Արեւմուտքի հետ»,-ասել է փորձագետը: «Անշուշտ, Արեւմուտքն իր շահերն ունի Կովկասում: Սակայն ինձ նյարդայնացնում է այն նեղացկոտությունը, որով մենք խոսում ենք այդ շահերի մասին: Սակայն ո՞վ էր մեզ ստիպում էներգետիկ պայմաններ առաջադրել Ադրբեջանին եւ ստիպել նրան միանալ Վրաստանի շրջափակմանը: Ո՞վ էր մեզ ստիպում Հայաստանը վերածել ռուս-վրացական հարաբերություններից տուժող օբյեկտի եւ մղել նրան Արեւմուտքի գիրկը: Էլ չեմ խոսում Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի խնդիրների մասին: Իհարկե, դրանք գերակա խնդիրներ են Ռուսաստանի համար: Այստեղ, հավանաբար, փոխզիջումը Վրաստանի հետ հազիվ թե հնարավոր լինի: Սակայն կան բազում թեմաներ, որոնք պահանջում են Արեւմուտքի ներկայությունը, դա են պահանջում իրենք կովկասյան կազմավորումները»,-նշել է Սերգեյ Մարկեդոնովը, հաղորդում է «Կովկասյան հանգույցը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---