Forbes. ԱՄՆ հայ համայնքը նախագահական ընտրություններում կսատարի Հիլարի Քլինթոնին

Forbes. ԱՄՆ հայ համայնքը նախագահական ընտրություններում կսատարի Հիլարի Քլինթոնին

PanARMENIAN.Net - Մինչ ԱՄՆ նախագահական մրցավազքի եզրափակիչ փուլը 5 ամսից էլ քիչ է մնացել: Փրայմերիզը (ներկուսակցական ընտրություններ) չի ավարտվել, սակայն ֆավորիտների անուններն արդեն հայտնի են` հանրապետական Դոնալդ Թրամփ և դեմոկրատ Հիլարի Քլինթոն: Համընդհանուր ընտրություններում կարևորագույն գործոններից մեկը կդառնա ազգային լոբբինգը: Թեկնածուները կձգտեն ստանալ այն ազգային համայնքների աջակցությունը, որոնք ունեն լուրջ ընտրական և ֆինանսական ռեսուրսներ: Հիմնական պայքարն այդ ճակատում կծավալվի իռլանդական, հրեական ու հայկական համայնքների ձայների համար, որոնց հանդեպ հետաքրքրությունը մեծ է, քանի որ նրանք կոմպակտ բնակեցված են առանցքային նահանգներում և ինստիտուցիոնալ կազմակերպվածության բարձր մակարդակ ունեն, գրում է Forbes-ը:

Ամերիկահայերը ավանդաբար սատարում են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներին: Դա պայմանավորված է պատմական հիշողությամբ և ԱՄՆ-ում առաջին հայկական համայնքների ձևավորման առանձնահատկություններով: Ամերիկահայ կազմակերպությունների առաջնորդները միշտ սերտ կապեր են ունեցել բարձրաստիճան դեմոկրատների հետ Կոնգրեսում և Սպիտակ տանը:

Պարբերականը նշում է, որ ամերիկահայերը լավ են հիշում, որ հենց դեմոկրատ նախագահ Վուդրո Վիլսոնի վարչակազմն է ընդունել «Մերձավորարևելյան օգնության» մասին օրենքը, որի շնորհիվ բազում հայեր կյանքը նոր էջից սկսելու շանս ստացան: Միայն 2012-ին առաջատար հայամետ կազմակերպությունները հայտարարեցին, որ չեն սատարելու դեմոկրատ Բարաք Օբամային վերընտրվելու ժամանակ, քանի որ նա դրժեց իր նախընտրական խոստումն ու չճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, ամերիկահայերը դադարել են վստահել դեմոկրատներին:

Հիլարի Քլինթոնը 10 տարի շարունակ սատարել է հայ համայնքի ձգտումներին Ցեղասպանության մասին օրենքի ընդունման, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման հարցերում: Նա հետևողականորեն կողմ է հանդես եկել Սենատում բազմաթիվ հայամետ բանաձևերին` հանդես գալով նաև որպես համահովանավոր: Նա մասնակցել է նաև հայ համայնքի համաժողովներին ու համագումարներին: Սակայն, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Կոնգրեսում լսումենրի ժամանակ խուսափել է ցեղասպանություն եզրույթի կիրառումից: Սակայն, ի տարբերություն Օբամայի, նա դեռ լիովին չի սպառել համայնքի վստահության պաշարը:

Ակնհայտ է, որ Քլինթոնը կօգտագործի Ցեղասպանության հարցը նոյեմբերին կայանալիք ընտրությունների ժամանակ Կալիֆորնիայում, որտեղ հայկական լոբբին ունի լուրջ քաղաքական և տնտեսական կշիռ: Թրամփի և Քլինթոնի միջև ընտրության դեպքում, պրագմատիկ մոտեցմամբ համայնքը կսատարի Հիլարի Քլինթոնին: Ամերիկահայերը հասկանում են, որ նա միակ թեկնածուն է, որը հայ համայնքի հետ աշխատելու մեծ փորձ ունի, ի տարբերություն, մրցակցի, ծանոթ է նաև ղարաբաղյան հակամարտության նրբություններին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ամենաազդեցիկ հայազգի քաղաքական գործիչները` Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Ջորջ Դոքմեջյանը, կոնգրեսականներ Սթիվ Դերունյանն ու Չարլզ Փաշայանը Հանրապետական կուսակցության անդամներ են եղել: Ավելին, հենց հանրապետական նախագահների հետ են կապված հայկական լոբբիի ամենալուրջ նվաճումները: Ռոնալդ Ռեյգանը ԱՄՆ միակ նախագահն է, որն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը` նկարագրելով 1915-1923 թթ. իրադարձությունները: Ջորջ Բուշ-ավագի օրոք հայ լոբբիստները կարողացան հասնել խոշոր անհատույց աջակցության ՀՀ և Ղարաբաղի համար: Ակնհայտ է, որ հանրապետականները լուրջ ավանդ ունեն ԱՄՆ-ում հայկական լոբբիի ձևավորման ու զարգացման գործում: Սակայն այսօրվա հանրապետականները ոչ մի շփում չեն ունեցել հայամետ շահերը ներկայացնող խմբերի հետ, ինչը ևս հավանական է դարձնում սատարումը Քլինթոնի թեկնածությանը:

Forbes-ի հոդվածում ասվում է նաև, որ իռլանդական լոբբին իր հերթին նույնպես, հավանաբար, այս ընտրություններում ստիպված կլինի նախապատվությունը տալ Հիլարի Քլինթոնին: Սակայն կարևոր է հասկանալ, որ դա բացատրվում է այլընտրանքի բացակայությամբ, քանի որ Ջո Բայդենը հրաժարվեց մասնակցությունից:

Թրամփը հակասական կերպար է նաև հրեական համայնքի համար: Մի կողմից, նրանց վախեցնում է ծայրահեղական տրամադրվածությունը փոքրամասնությունների համդեպ, մյուս կողմից` նա հրապարակավ սատարում է Իսրայելին: Սակայն իսրայելամետ խմբերի առաջնորդներն այն մարդիկ չեն, որոնք պատրաստ են հավատալ խոսքերին: Առավել ևս, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ Իսրայելը պետք է վճարի իրեն տրամադրվող ԱՄՆ սպառազինության ու տեխնոլոգիաների համար: Հրեաներին մտահոգում է նաև այն, թե ինչ հեշտությամբ է Թրամփն առաջարկում հրաժարվել դաշնակցային հարաբերություններից մի շարք այլ երկրների հետ:

Այս իրավիճակում հրեական լոբբին ևս հավանաբար կսատարի Քլինթոնին:

ԱՄՆ նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---