Նախարար. Լվովի ԵԱ-ին մասնակցած կունգ ֆուի մարզիկները ՀՀ-ն ներկայացնելու իրավունք չունեին

Նախարար. Լվովի ԵԱ-ին մասնակցած  կունգ ֆուի մարզիկները ՀՀ-ն ներկայացնելու իրավունք չունեին

PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, մայիսի 15-ին Ուկրաինայի Լվով քաղաքում հայ մարզիկների և ադրբեջանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք էր եղել: Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մայիսի 27-ին մեկնաբանել է միջադեպը:

Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն Եվրոպայի կունգ ֆուի առաջնության ժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել էին ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը։ Ավելին` ադրբեջանցիները նույնիսկ ֆեդերացիայի նախագահին էին փորձել հարվածել մահակներով:

Նախարարը պատասխանեց. «Նախ այդ ֆեդերացիան, որը գործում է ՀՀ-ում, գրանցված չի միջազգային ֆեդերացիայում, և երկրորդը՝ մենք բնականաբար տեղյակ ենք` ինչ է կատարվել Ուկրաինայում և աշխատել ենք մեր քաղաքացիների կողքին լինել: Բայց ճանաչման խնդիր կա այդ ֆեդերացիայի հետ, պետք է ամեն ինչ հստակեցվի:

Մենք արդարադատության նախարարության հետ նախագիծ ենք մշակում, որ ՀՀ-ում գործող բոլոր ֆեդերացիաները լիցենզավորվեն, որ նման դեպքերից խուսափեն»:

Հարցին՝ եթե այդ ֆեդերացիան լիցենզավորված լիներ, նույն միջադեպի արդյունքում ինչի՞ կարող էինք հասնել՝ նախարարը պատասխանել է. «Յուրաքանչյուր թիմ, որը գնում է արտերկիր, ներկայացնում է ՀՀ-ն: Մենք չենք կարող թույլ տալ, որ ով ուզենա գնա և պետության անունից հանդես գա, դա ճիշտ չի: Դա արդեն կարգավորվելու է»:

Հարցին՝ այսինքն, անօրինակա՞ն է այդ թիմն Ուկրաինայում ներկայացրել Հայաստանը՝ նախարարը պատասխանել է՝ այո, «գնացել են՝ որպես հասարակական կազմակերպություն, որի մասին մենք տեղյակ չենք»:

Հայաստանի կունգ ֆուի ֆեդերացիան մայիսի 12-ից 15–ը ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանի գլխավորությամբ 9 մարզիկով մասնակցել է Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի կունգ ֆուի բաց առաջնությանը:Հայաստանի հավաքականի կազմում եղել են նաև Արցախի ուշուի ֆեդերացիայի (մարզիչ Դավիթ Գրիգորյան) 5 մասնակից: Առաջնությանը ներկայացած պետությունների թվում էր նաև Ադրբեջանի հավաքականը, որը ոչ սպորտային պահվածքի ու Հայաստանի հավաքականի դեմ կազմակերպած սադրանքի և ծեծկռտուքի պատճառով որակազրկվել է մրցումների առաջին օրը և հեռացվել Եվրոպայի ֆեդերացիայից:

Լվովում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում Հայաստանը թիմային հաշվարկով գրավել է երկրորդ տեղը: Ընդ որում, մեր բոլոր մարզիկները զբաղեցրել են մրցանակային տեղեր: Ոսկե մեդալներ են նվաճել Հայկ Խաչիյանը, Աշոտ Հարությունյանը, Դավիթ Կասումյանը, Հայկ Օհանյանը, Տիգրան Շաբոյանը, Արսեն Բաղիրյանը:

Արծաթե մեդալներ են նվաճել Դավիթ Պետրոսյանը, Ալբերտ Թորոսյանը, իսկ Արտակ Գրիգորյանը՝ բրոնզե մեդալ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---