Մամեդյարովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները

Մամեդյարովը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկել են Վիեննայի հանդիպման արդյունքները

PanARMENIAN.Net - Մայիսի 31-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Բրյուսելում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Ըստ տեղեկատվության, քննարկվել են Վիեննայի հանդիպման արդյունքները` նախապատրաստվելու համար հունիսյան գագաթնաժողովին, որի նպատակն է «ղարաբաղյան կարգավորման գործում հնարավոր արագ առաջխաղացումը», հայտնում է Haqqin.az-ը:

Անդրադառնալով այն հաղորդագրություններին, թե հունիսին կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը չի կայանալու` Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևն ասել է, որ նման հանդիպում անցկացնելու մասին առաջարկներ չեն եղել, ուստի այդպիսի հանդիպում չէր նախատեսվում:

Ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում անցկացված ՆԱՏՕ-Ադրբեջան նիստի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և միջազգային հանրությունը ստատուս քվոն համարում են անհուսալի ու անընդունելի: Մենք սպասում ենք, որ հունիսին տեղի կունենա նախագահների հերթական հանդիպումը, որի նպատակը կլինի ստատուս քվոյի փոփոխման հարցում զգալի առաջընթացի հասնելը», – ասել էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:

Հունիսի 2-ին Փարիզում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---