Կամավորները սոցերաշխիքներ կստանան

Կամավորները սոցերաշխիքներ կստանան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը հաստատել է «ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված կամ մահացած կամ անհայտ կորած կամ հաշմանդամ ճանաչված` զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց մասին» որոշումը, որով սոցիալական երաշխիքներ են տրամադրվում այդ անձանց, հայտնում է Panorama.am-ը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ այսօր ՀՀ օրենսդրությամբ որոշակի սոցիալական երաշխիքներ են սահմանված ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքների անդամների, ինչպես նաև հաշմանդամ դարձած անձանց համար:

Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում, 1994-ից հետո առաջին անգամ ձևավորվեցին կամավորական ջոկատներ, որոնք մեկնեցին մարտական գործողությունների գոտի և մասնակցեցին ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին:

Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ կամավորները, կամավորականի զոհվելու դեպքում նրանց ընտանիքների անդամները չեն օգտվում զինծառայողների համար սահմանված սոցիալական երաշխիքներից: Ուստի, որոշմամբ սահմանվում է, որ 2016թ. ապրիլի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից զինադադարի համաձայնագրի խախտման կապակցությամբ կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների գոտի մեկնած՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ ստացած վնասվածքներից հաշմանդամ դարձած անձանց, իսկ զոհվելու դեպքում` նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովությունն իրականացվում է զինծառայողի համար սահմանված կարգով:

Հաշվի առնելով զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը՝ նախատեսվում է, որ զոհված կամավորականի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զոհված զինծառայողի ընտանիքի անդամի համար սահմանված կարգով, իսկ հաշմանդամ դարձած կամավորականը՝ պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի համար սահմանված կարգով:

Բացի այդ, կարգավորվում է նաև մահվան և հաշմանդամության պատճառական կապը, ինչպես նաև համապատասխան փաստաթղթերը տրամադրելուն առնչվող հարաբերությունները:

Արդյունքում՝ կամավորական ջոկատների կազմում ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած անձանց սոցիալական երաշխիքները կհավասարեցվեն ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների սոցիալական երաշխիքներին:

Մասնավորապես, Հայասստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքի անդամներին տրվում է՝ ապահովագրական գումար (միանվագ)՝ 2 մլն դրամ, հուղարկավորության ծախսերի փոխհատուցում (միանվագ)՝ 700 հազար դրամ, գերեզմանների բարեկարգման համար (միանվագ)՝ 1 մլն 400 հազար դրամ,կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ (սպայական անձնակազմի զինծառայողների համար՝ միջինը 43 հազար դրամ, ենթասպայական կազմի զինծառայողների համար՝ միջինը 35 հազար, շարքային կազմի զինծառայողների (պարտադիր ժամկետային զինծառայողների) համար՝ 24 հազար դրամ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 13 ԱԹՍ: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Սակայն ադրբեջանական կողմը շարունակում է գնդակոծել ինչպես ղարաբաղյան, այնպես էլ ՀՀ դիրքերը:

Ապրիլին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում մարտական գործողությունների ընթացքում ՀՀ-ից առաջնագիծ են մեկնել հազարավոր կամավորներ:

Ապրիլյան ռազմական գործողություններից հետո քայլեր են ձեռնարկվում զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---