Էրդողանն ի պատասխան Բունդեսթագի որոշման Սբ Սոֆիան մզկիթի է վերածել

Էրդողանն ի պատասխան Բունդեսթագի որոշման Սբ Սոֆիան մզկիթի է վերածել

PanARMENIAN.Net - Որպես պատասխան Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է մզկիթի վերածել մինչ այդ պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող Ստամբուլի Այա Սոֆիա տաճարը:

«85 տարի անց Ռամադանի 30 օրերին Այա Սոֆիան կրկին մզկիթի է վերածվում. hունիսի 6-ից հուլիսի 7-ը պետական հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակելու է առավոտյան աղոթքը»,-հայտարարել է Էրդողանը, գրում է Greekorbis.gr-ն:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել:Բանաձևում ասվում է՝ «101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը պետք է հիշատակել»։ Նշվում է, որ խորհրդարանը դատապարտում է Օսմանյան կառավարության կողմից հայերին գրեթե ամբողջությամբ ոչնչացնելու գործողությունները։ 5 էջանոց բանաձևում նշվում է, որ «Հայերի ճակատագիրը 20-րդ դարում տեղի ունեցած կոտորածի, էթնիկ զտման, տեղահանության ու ցեղասպանության օրինակ է»։

Ավելի վաղ ԱԶԿ ներկայացուցիչ Շամիլ Թայարը գրառում էր կատարել Twitter-ի միկրոբլոգում. «Քանի որ Գերմանիան տրվեց Ցեղասպանության մասին ստին, բարեկամության մասին այլևս խոսք լինել չի կարող: Նշանակում է, Թուրքիայի հերթն է. Սբ Սոֆիան կրկին պետք է բացվի ուխտավորների համար»:

Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է Թուրքիայի որոշումը որպես հետադիմական և մոլեռանդ: «Մենք դատապարտում ենք Թուրքիայի իշխանությունների մտադրությունը Սբ Սոֆիայի տաճարում Ղուրան ընթերցելու վերաբերյալ»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Մոլեռանդության հասնող մահմեդական ծեսերը համաշխարհային մշակութային ժառանգություն հանդիսացող հուշակոթողում անհասկանալի են ու անհարգալից վերաբերմունք են և անհամատեղելի են ժամանակակից ժողովրդավարական ու աշխարհաիկ հանրությունների հետ»,-ասել է ԱԳՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Էրդողանի գործողությունները կտրուկ արձագանք ստացան Հունաստանում: ԶԼՄ-ները սադրիչ անվանեցին Սբ Սոֆիան մզկիթի վերածելու Էրդողանի որոշումը»:

Սուրբ Սոֆիայի կամ Այա Սոֆիա տաճարը բյուզանդական ճարտարապետության կոթողային հուշարձան է, Բյուզանդիայի «ոսկեդարի» խորհրդանիշ։ Բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը, Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայր։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս՝ թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացուկողմից։

1985 թվականին տաճարը Ստամբուլի պատմական կենտրոնի այլ հուշարձանների հետ մեկտեղ ընդգրկվեց ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Շուրջ 100 տարի Սբ Սոֆիան եղել է քրիստոնյա աշխարհի ամենամեծ տաճարը՝ մինչ Հռոմի Սբ Պետրոսի տաճարի կառուցումը:

Ընթերցեք նաև. Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդը Էրդողանին իր ափսոսանքն է հայտնել Բունդեսթագի որոշման վերաբերյալ

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---