Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ մայրուղիները բացվել են երկկողմ երթևեկության համար

Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ մայրուղիները բացվել են երկկողմ երթևեկության համար

PanARMENIAN.Net - «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ ճանապարհահատվածները բացվել են երկկողմ երթևեկության համար:

Այդ մասին են հայտնում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» իրականացման կազմակերպությունից:

Մարտի 25-ին նշված հատվածում մեկնարկել էին ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով պիտի ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին տրվում է 42 աշխատանքային օր նշված խնդիրներն իր հաշվին լուծելու համար:

Ավելի վաղ կազմակերպությունից հայտնել էին, որ թեստավորման շրջանը կավարտվի և երթևեկությունը Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածներում լիարժեք կիրականացվի 2016-ի հունիսի 13-ից:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակն է միջազգային բարձր ստանդարտներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս ճանապարհի կառուցումը կապահովի Հայաստանի հարավային սահմանից դյուրին երթևեկը մինչև Վրաստանի սահման, ապա նաև դեպի Սևծովյան նավահանգիստներ, թույլ կտա իրականացնել եվրոպական չափանիշներին համապատասխանող բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ, զարգացման լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի հարավից հյուսիս ընկած բոլոր բնակավայրերին:

Ծրագրի իրականացման համար պայմնագրեր են կնքվել Ասիական զարգացման (ԱԶԲ) և Եվրոպական ներդրումային (ԵՆԲ) բանկերի հետ, որոնց համաձայն ծրագրի ավարտի թիրախային ժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2017 և 2019 թվականները: Ծրագրի հաշվարկային արժեքը կազմում մոտ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար: Ծրագիրը բաժանված է 5 տրանշի: Շարունակվում են իրականացվել նաև բանակցային գործընթացներ միջանցքի հյուսիսային և հարավային հատվածների կառուցման նպատակով այլ դոնորների ներգրավման ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---