Կոնգրեսմեն Շիֆը հիասթափված է Քոնդոլիզա Ռայսի դիրքորոշումից Հայոց ցեղասպանության հարցում

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործերի ենթակոմիտեում երեկ կայացած բանավեճի ժամանակ օրենսդիրները բարձրացրել են անցյալ եւ ներկա ցեղասպանություններին վերաբերող մի շարք հարցեր: Մասնավորապես, կոնգրեսական Ադամ Շիֆը բարձրացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի նկատմամբ նախագահի վարչակազմի բացասական վերաբերմունքի հարցը. բանաձեւը ներկայացվել է Ադամ Շիֆի կողմից հունվարին, հայտնում է Ամերկայի Հայկական Համագումարը: Կոնգրեսականը հարցրել է ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, թե ինչպիսի բարոյական իրավունք ունի Վաշինգթոնը դատապարտել Դարֆուրում տեղի ունեցած ցեղասպանությունը, եթե չի ճանաչում մինչ այդ տեղի ունեցած ոճրագործությունները, մասնավորապես Հայոց ցեղասպանությունը: «Ես կարծում եմ, որ պատմական հանգամանքները պահանջում են, որպեսզի պատմաբանների հանձնաժողովներին թույլ տան հետազոտել այդ խնդիրը եւ հաշտվել իրենց անցյալի հետ»,- պատասխանել է Ռայսը: «Համալսարանում սովորելու ժամանակ արդյոք դուք հանդիպել եք փաստերի, որոնք ձեզ ստիպել են ընդունել, որ 1,5 մլն. մարդկանց սպանությունը ցեղասպանություն չի եղել»,- հարցրել է Ադամ Շիֆը: Դրան Ք. Ռայսը պատասխանել է. «Այսօր ես ԱՄՆ պետքարտուղարն եմ եւ գտնում եմ, որ հայերն ու թուրքերը առաջ գնալուց առաջ պետք է կարգավորեն պատմական խնդիրները»: «Հրանտ Դինքն սպանվել է իր խմբագրության առջեւ, մինչ այդ Թուրքիայի կառավարությունը դատապարտել է նրան «թուրքական ինքնագիտակցությանն անպատվելու համար»: Ես չեմ տեսնում, որ Թուրքիան որեւէ առաջընթաց է գրանցել ժողովրդավարության բնագավառում»,- հայտարարել է Ադամ Շիֆը: «Ես իրոք գտնում եմ, որ Թուրքիան զարգանում է ժողովրդավարության ճանապարհին: Ինչպես բազմաթիվ պատմական ողբերգությունների դեպքում, մարդիկ պետք է հաշվի նստեն իրենց անցյալի հետ: Մենք ճանաչել ենք պատմական իրադարձությունները եւ շարունակում ենք ճանաչել դրանք նախագահի ամենամյա հայտարարություններում»,- պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարը: «Կոչը Կոնգրեսին` հաշվի չառնել Հայոց ցեղասպանությունը կամ հետեւել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածին, խնդրի լուծում չի հանդիսանում: Մենք պետք է կոչ անենք Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության անհերքելի փաստը»,- հայտարարել է Ադամ Շիֆը, հավելելով, որ «մենք չպետք է խառնվենք պատմական հանձնաժողովների գործերին»: «Ես հիասթափված եմ, որ ԱՄՆ պետքարտուղարը չի ցանկացել ճանաչել Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստերը: Մենք բարոյական իրավունք չենք ունենա Դարֆուրի ցեղասպանության դեմ քայլեր ձեռնարկելու, եթե ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է խուսափել Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց»,- հայտարարել է կոնգրեսականը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---