52  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Բարիգալստյան արարողությունը Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում

Կաթողիկոսը՝ Պապին. Մեր եկեղեցին մասնակցում է համաքրիստոնեական կյանքին, զարթոնք ապրում

Կաթողիկոսը՝ Պապին. Մեր եկեղեցին մասնակցում է համաքրիստոնեական կյանքին, զարթոնք ապրում

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մայր տաճարում ողջունի խոսք է հղել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ «Հրաշափառի» բարիգալստյան արարողության ժամանակ:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայ հոգևորականների ուղեկցությամբ ժամանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածին: Մայր Տաճարում Պապին դիմավորել են երեխաները՝ Վատիկանի և ՀՀ-ի դրոշներով: Մուտք գործելով Մայր տաճար` Պապը համբուրել է Սբ Ավետարանն ու Սբ Խաչը: Նա օրհնել է Մայր տաճարում հավաքվածներին, ընթերցել է «Ի մեջ տաճարիս» աղոթքը:

«Գոհություն և փառք ենք մատուցում Աստծուն, որ այսօր այս սուրբ տաճարում եղբայրական սիրով ու աղոթքով ողջունում ենք Ձերդ Սրբությանը և Ձեզ ուղեկցող պատվիրակությանը: Խորապես զգացված ենք, որ մեր հրավերին ընդառաջ՝ այցելեցիք Հայաստան, Մայր աթոռ Սուրբ Էջմիածին:

Հինավուրց այս տաճարը Աստծո հետ մեր ժողովրդի կնքած սրբազան ուխտի խորախորհուրդ վկայությունն է: Նվիրական այս սրբավայրում իջավ Հիսուս Քրիստոս և իր սուրբ աջով հաստատեց Էջմիածինը՝ համայն հայության սրբության սրբոցը: Աստվածային նախախնամությամբ հայոց երկրորդ լուսավորիչ, առաքելապատիվ սուրբ Գրիգոր հայրապետի տեսիլքով ու անխոնջ ջանքերով նորոգվեցին սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների քարոզությամբ մեր ժողովրդի սրտում վառված հավատքի կանթեղները: Այդ օրից ի վեր Սուրբ Էջմիածնից ճառագող լույսը միավորում է մեր ժողովրդին տապանակիր Արարատի շուրջ սփռված իր հայրենիքով, իր սրբություններով, իր պատմությամբ:

Անչափ ուրախ ենք, որ այսօր միածնաէջ այս սուրբ տաճարում ի փառս Աստծո միավորվում են սուրբ Պետրոս, սուրբ Թադեոս ու սուրբ Բարդուղիմեոս առաքյալների Աթոռների գահակալներիս աղոթքները՝ հայցելով և ամբողջ աշխարհի համար խաղաղություն, սիրո ու եղբայրության ամուր ոգի և համագործակցության արգասավորում», - ասել է Կաթողիկոսը:

Նրա խոսքով, հիշում են 2001-ին քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ սուրբ Հովհաննես Պողոս երկրորդ Պապի այցը Հայաստան:

«Մեր եկեղեցիների հարաբերությունների առավել սերտացման գործում նշանակալի ավանդ եք բերել նաև Դուք՝ Ձեր ծառայագործության հանգրվաններում առանձնակի ջերմություն դրսևորելով Հայ Եկեղեցու և մեր ժողովրդի նկատմամբ: Ձերդ Սրբության այցելությունը նոր վկայություն է մեր Եկեղեցիների եղբայրության և գործակցության, որը երկուստեք զորացնում է հայ առաքելական ու կաթոլիկ հավատացյալներին, տոգորում լավատեսությամբ, որ մեր կյանքում առավել զգալի պիտի լինեն քրիստոնեական սիրով շաղախյալ մեր հավատքի վկայությունները», - շեշտել է Գարեգին երկրորդը:

«Մեր ժողովրդի զավակները երախտագիտությամբ են հիշում Սուրբ Պետրոս Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած Ձեր հանդիսավոր պատարագը՝ Ցեղասպանությունը դատապարտող պատմական ճառով: Գոհություն ենք հայտնում Աստծուն, որ այսօր այստեղ Կաթոլիկ Եկեղեցու զավակների, Ձեր այցի առիթով տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ հայորդյաց ու հայրենաբնակ մեր ժողովրդի հետ միասնաբար կարող ենք աղոթել և հայցել Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսությունը, որոնց արյան վկայությունը ոչ միայն հայոց, այլ նաև քրիստոնեական ընդհանուր հավատքի հաղթանակի հավաստիքն է: Ինչպես առաքյալն է ասում՝ շատերի գոհությամբ առատացած շնորհն ավելանում է ի փառս Աստծո»:

Կաթողիկոսը նշել է, որ Հայոց ցեղասպանության և խորհրդային աստվածմերժության տարիների ավերներից հետո այսօր հայրենի անկախ պետականության պայմաններում մեր եկեղեցին հոգևոր նոր զարթոնք է ապրում՝ ազատորեն իրականացնելով տերունավանդ իր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում:

«Մեր եկեղեցին նաև առավել մասնակցություն է բերում համաքրիստոնեական կյանքին՝ խորին համոզումով, որ աշխարհում առկա հոգևոր, քաղաքական, տնտեսական ու մարդասիրական ճգնաժամերի խորացման այս ժամանակաշրջանում առավել քան կարևորվում է քույր եկեղեցիների միասնական աղոթքն ու գործակցությունը հանուն Քրիստոսի Սուրբ Եկեղեցու առաքելության արգասավորման, աշխարհում հոգևոր-բարոյական արժեքների պահպանման ու արժևորման, մերձավորի հանդեպ սիրո զորացման, որոնցով կյանքում կարող են մարմնավորվել ապահովության և բարօրության իրական արդյունքները», - ասել է Գարեգին Երկրորդը:

«Աղոթք ենք բարձրացնում Քրիստոսի սուրբ եկեղեցու հաստատունության և պայծառության, մեր Տիրոջ պարգևած սիրո ու հաճության ոգու տարածման և աշխարհում խաղաղության ու համերաշխ կյանքի ամրապնդման համար: Հայցում ենք Ձերդ Սրբությանը Տիրոջ զորակցությունը և մաղթում ընդ երկայն աւուրս քաջառողջ, արդյունազարդ գահակալություն՝ ի պայծառություն Հռոմեական կաթոլիկ եկեղեցու և ի մխիթարություն հավատացելոց: Բարի եք եկել աստվածաշնչյան երկիր Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Մեր Տիրոջ և Փրկչի Հիսուս Քրիստոսի ողորմությունը, շնորհներն ու օրհնությունը թող լինեն մեզ հետ և ամենքի. ամեն»:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ինքնաթիռը տեղական ժամանակով 15:00-ին վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Անցկացվեց դիմավորման պաշտոնական արարողությունը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի մասնակցությամբ:

Հռոմի պապի Հայաստանի Հանրապետություն եռօրյա այցի կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»:

Կարդացեք նաև՝ Հռոմի պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար սեփական ինքնության բաղկացուցիչ է

ԿԲ-ն Հռոմի պապի այցին նվիրված հուշամեդալ է թողարկել

59  24.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ժամանումը Հայաստան
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---