Անկարան մտափոխվել է. Խոցված Սու-24-ի համար փոխհատուցում չի վճարելու

Անկարան մտափոխվել է. Խոցված Սու-24-ի համար փոխհատուցում չի վճարելու

PanARMENIAN.Net - Թուրքիան փոխհատուցում չի վճարի Ռուսաստանին խոցված Սու-24-ի համար: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, գրում է Slon-ը Reuters-ի վրա հղումով:

Ավելի վաղ, ՌԻԱ Նովոստին թուրքական TRT-ի վրա հղումով, որը ցուցադրել է Յիլդիրիմի հետ հարցազրույցը, հայտնել էր, որ Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային խոցված ինքնաթիռի համար:

«Նամակի բովանդակությունը պարզ է: Մենք հայտնել ենք մեր ափսոսանքը և անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարենք: Երկու երկրներն էլ ցանկանում են կարգավորել հարաբերությունները: Կարծում եմ՝ գործերը կարգավորվում են»,- հայտարարել է Յիլդիրիմը TRT-ի եթերում:

Անկարան հուսով էր, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ արագ կվերականգնվեն: Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն իր հերթին հայտարարել էր, որ «պետք չէ մտածել, թե մի քանի օրում կհաջողվի ամեն ինչ կարգավորել»: Ավելի վաղ ՌԴ իշխանությունները որպես երկկողմ հարաբերությունների կարգավորման քայլերից մեկը նշել էին նաև հասցված վնասի փոխհատուցումը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հունիսի 27-ին հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նամակ է հղել ռուս պաշտոնակցին և ներողություն խնդրել խոցված ինքնաթիռի համար, ցավակցություն հայտնել օդաչուի մահվան կապակցությամբ, հայտարարել, որ Թուրքիան չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ` համարելով նրան ռազմավարական գործընկեր:

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: 2015-ի նոյեմբերի 24-ին խոցված ռուսական ինքնաթիռի 2 օդաչուները հասցրել էին կատապուլտի միջոցով փրկվել, սակայն օդաչուներից մեկը`Օլեգ Պեշկովը ընկել էր թուրքմենների կողմից վերահսկվող տարածքում, որտեղ սպանվեց:Ավելի ուշ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որտեղ Չելիքը հայտարարել էր, թե ինքն ու իր մարտիկներն են կրակ բացել։

Ընթերցեք նաև. Անկարան պատրաստ է փոխհատուցել Մոսկվային խոցված Սու-24-ի համար

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---