Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները Հայաստանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար միեւնույն չէ, թե ինչպես կզարգանան քաղաքական գործընթացները Հայաստանում, մասնավորապես այն, թե ինչպես կանցնեն այնտեղ ընտրությունները: Մի քանի պատճառներով: Առաջինը եւ ամենակարեւորն այն է, որ հայ ժողովուրդը եղբայրական ժողովուրդ է: Մեզ համար բոլորովին էլ միեւնույն չէ, թե ինչպես է ապրում եղբայրական ժողովուրդը»,-հայտարարել է ՌԴ Հանրային պալատի անդամ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Սերգեյ Մարկովը: Երկրորդ պատճառն, ըստ նրա, այն է, որ «այժ Հայաստանի հետ բազմակողմ համագործակցություն է զարգանում»: Հայաստանը ԱՊՀ անդամ է, Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ, ԵվրԱզԷՍ-ի անդամ: «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: Մեզ համար կարեւորը կայունությունն է դաշնակից երկրում: Կայունության խնդիրը հատկապես սրվեց վարչապետի հանկարծահաս մահվան պատճառով: Հավանաբար, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, Հայաստանի ներկայիս պաշտպանության նախարարը եւ Հանրապետական կուսակցության առաջնորդներից մեկը: Դա կնպաստի հայ ղեկավարության ռուսամետ ուղղվածության հաջորդականության պահպանմանը, սակայն, միեւնույն ժամանակ, կարող է հանգեցնել քաղաքական պայքարի սրմանը Հայաստանում ընտրությունների շեմին»,-նշել է Սերգեյ Մարկովը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի ընտրությունների վրա, իհարկե, չխախտելով երկրի ինքնիշխանությունը: Սակայն պետք է դա անել ավելի համեստ, քան մյուս երկրները, այդ թվում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը: «Ես կարծում եմ, որ ժամանակն է դադարել գետնասկյուռի դիրք ընդունել, երբ մենք տարիներ շարունակ, գետնասկյուռների պես կանգնած մեր սեփական սահմաններում դիտում էինք, թե ինչպես են մեր եղբայրական ժողովրդները, ըստ էության, հափշտակվում ազդեցության արտաքին կենտրոնների կողմից եւ ինչպես էր նրանց պարտադրվում հակառուսական քաղաքականությունը»,-ընդգծել է ռուս փորձագետը:



Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է Ռուսաստանն ազդի Հայաստանի քաղաքական գործընթացների վրա` Ս.Մարկովը հայտարարել է. «Առաջին հերթին, պետք է գործուղել դիտորդների, որոնք պետք է գնահատեն ընտրությունների օբյեկտիվությունը` նվազեցնելու համար Հայաստասնի կախվածությունը ԵԱՀԿ քաղաքականապես վարձու դիտորդներից, որոնք գալիս են արդեն նախապես հայտնի պատասխաններ ունենալով բոլոր հարցերին: Բացի այդ, Ռուսաստանը պետք է իր աջակցությունը հայտնի այս կամ այն քաղաքական կուսակցություններին եւ թեկնածուներին: Մենք գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների գերակայության օգտին եւ նրանք իրավունք ունեն իմանալու, թե Ռուսաստանն ինչպես է վերաբերում այդ թեկնածուների եւ կուսակցությունների քաղաքական ծրագրերին», հաղորդում է Kreml.org-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---