ԱԳ նախարար. ԱԳՆԽ նիստի ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը

ԱԳ նախարար. ԱԳՆԽ նիստի ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը

PanARMENIAN.Net - 2015-ի սեպտեմբերից Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, 2016-ի աշնանը, առավել հստակ՝ հոկտեմբերին, Հայաստանում կայանալու է Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, ուստի հուլիսի 4-ի երևանյան հանդիպմանը քննարկվել են պետությունների ղեկավարների գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, նրանց հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերի նախագծերը։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի ավարտին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նա նշել է, որ առաջին հերթին, ուշադրության կենտրոնում էր ՀԱՊԿ 2025թ. հավաքական անվտանգության ռազմավարությունը, որը ներկայացվելու է Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի հաստատմանը: «Այսօրվա նախարարական խորհրդի նիստը մեզ հնարավորություն ընձեռեց՝ քննարկելու նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, 2015թ. սեպտեմբերին և հոկտմբերին կայացած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործումը, ինչպես նաև հայաստանյան նախագահության առաջնահերթությունների իրականացումը»,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ Հայաստանը մշտապես ակտիվ և նախաձեռնող է եղել կազմակերպության շրջանակներում փոխգործակցության կատարելագործման, միջազգային ասպարեզում նրա դերակատարության ակտիվացման, անդամ երկրների միջև համագործակցության սերտացման, արտաքին քաղաքականության համադրման մեխանիզմների զարգացման առումով։ Նախարարը նշել է, որ կազմակերպության նախագահության շրջանակներում ՀՀ-ն կշարունակի ակտիվ քայլերը վերոհիշյալ ուղղություններով։

«Մենք բոլորս համակարծիք էինք, որ կառույցի փոխգործակցության մեխանիզմների կատարելագործումը կախված է առաջին հերթին կազմակերպության անդամ երկրների՝ իրենց անդամակցությունից բխող պարտավորությունների լիակատար իրականացման հետ: Մեր նիստի օրակարգում էին միջազգային հանրության առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկի՝ ահաբեկչության, ծայրահեղականության դեմ պայքարին առնչվող հարցեր։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև կազմակերպության կանոնադրական մարմինների աշխատանքներին, քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների միջև միջազգային տարբեր ձևաչափերում համագործակցության ակտիվացումը, արտերկրում և միջազգային կազմակերպություններում մեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հավաքական հանձնարարականների պարբերական թարմացումը, 2016-2017թթ. քաղաքական, պաշտպանական և անվտանգության հարցերով խորհրդակցությունների անցկացման ժամանակացույցը»,-ասել է Նալբանդյանը:

Նախարարը նշել է նաև, որ Նախարարական խորհրդին հավանություն է տրվել մի շարք փաստաթղթերի նախագծերի, ընդունվեցին ղաղաբաղյան հիմնախնդրի կարգավորման և սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարություններ։

Հուլիսի 4-ին ‪Երևան‬ում տեղի ունեցած ‪ՀԱՊԿ‬ ԱԳՆԽ (Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստում հայտարարություն է ընդունվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Հայտնում ենք մեր աջակցությունը ԼՂ խնդրով Վիեննայում մայիսի 16-ին և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնք ուղղված են հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղմանը», - ասվում է հայտարարության մեջ:

«Հաստատելով Լեռնային Ղարաբաղի խնդրի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման անհրաժեշտությունը, հայտնում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված խնդրի կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթների, մասնավորապես, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ազգերի ինքնորաշման սկզբունքների հիման վրա», - նշված է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ:

Ընթերցեք նաև. ՀԱՊԿ ԱԳՆԽ-ն հայտարարություն է ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---