ՀՀ նախագահը բասկետբոլի հավաքականի անդամներից մեդալ ու գնդակ է նվեր ստացել

ՀՀ նախագահը բասկետբոլի հավաքականի անդամներից մեդալ ու գնդակ է նվեր ստացել

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն դարձած Հայաստանի բասկետբոլի հավաքականի անդամներին և Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ղեկավար կազմի ներկայացուցիչներին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին՝ հավաքականի փայլուն հաղթանակի կապակցությամբ, մաղթել հետագա նորանոր հաջողություններ: «Դուք ապացուցեցիք այն պարզ ճշմարտությունը, որ Հայաստանը մի երկիր է առանց սփյուռքի՝ առանց մեր քույրերի ու եղբայրների և մեկ այլ երկիր՝ սփյուռքով: Ակնհայտ է՝ միասնությունը բերում է այսպիսի հաղթանակների»,-ընդգծել է Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բասկետբոլի հավաքականի անդամներին և նրանց մարզիչներին՝ հրաշալի խաղի ու սպորտային գերազանցության հասնելու նպատակով ներդրած ջանքերի համար: Հանրապետության նախագահը կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ սպորտում փոքր երկրների ու ժողովուրդների տաղանդավոր ներկայացուցիչների հաջողությունները, որով նրանք աշխարհում նաև ավելի ճանաչելի են դարձնում իրենց ժողովուրդներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից Սերժ Սարգսյանը հետաքրքրվել է հավաքականի հետագա ծրագրերի և մեր երկրում բասկետբոլի զարգացման հեռանկարի մասին: Ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նախագահին ներկայացրել է ֆեդերացիայի առաջիկա ծրագրերն ու հավաքականի հավակնությունները: Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին ջերմ ընդունելության ու ֆեդերացիային ցուցաբերած օժանդակության և ուշադրության համար, որը, նրա համոզմամբ, Հայաստանի հավաքականի հաղթանակի կարևոր խթաններից մեկն է:

Հանդիպման ավարտին Հայաստանի բասկետբոլի հավաքականի մարզիկները հաղթանակի կապակցությամբ ՀՀ նախագահին նվիրել են ոսկե մեդալ և թիմի բոլոր անդամների ստորագրություններով գնդակ:

Հուլիսի 3-ին Եվրոպայի փոքր երկրների առաջնության եզրափակչում Հայաստանի հավաքականը հաղթել էր Անդորրային ու դարձել չեմպիոն: Հավաքականը, դուրս գալով այս մրցաշարի եզրափակիչ, իրավունք ստացավ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական փուլին: Հավաքականի անդամ Անդրե Սպայթ Մկրտչյանը դարձել էր Եվրոպայի փոքր երկրների առաջնության լավագույն բասկետբոլիստ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---