Սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին մասնակցող ամենամեծ պատվիրակությունը Թուրքիայից է![]() 6 հուլիսի 2016 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում հուլիսի 6ին տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագրի բացումը: Ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: 2016-ի ծրագրին մասնակցում է 73 ուսուցիչ` 17 երկրից, ինչը գերազանցում է անցյալ տարվա ուսուցիչների և մասնակից երկրների քանակը: Այս տարի ուսուցիչներ են մասնակցում ԱՄՆ-ից, ԱՄԷ-ից, Արգենտինայից, Ավստրալիայից, Դանիայից, Էստոնիայից, Թուրքիայից, Լիբանանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Հորդանանից, Սիրիայից, Ուկրաինայից, Վրաստանից, Ֆինլյանդիայից, Ֆրանսիայից: Առավել մեծաթիվ պատվիրակությունը Թուրքիայից է` 15 ուսուցիչ: Հատկանշական է, որ բացառությամբ 5 ուսուցչի` ծրագրին այս տարի մասնակցում են Հայաստանում առաջին անգամ վերապատրաստվող ուսուցիչներ: «Երբ տարիներ առաջ սկիզբ դրվեց ուսուցիչների վերապատրաստման գործընթացին, խնդիրների բավականին մեծ ծավալ էր մատնանշվել, որոնց մի մասն այս տարիների ընթացքում կարգավորվել է, սակայն դեռևս ունենք շարունակական հիմնահարցեր: Ձեր ներկայությունն այս վերապատրաստումներին կարևոր է և մասնագիտական, և հոգեբանական իմաստով, որովհետև սփյուռքի կրթական հաստատություններն այսօր դիմագրավում են մեծ մարտահրավերների` և' մարդկային ռեսուրսի պակասը, և' համայնքներում առկա դժվարությունները»,-նշել է Մկրտչյանը: Նախարարը կարևորել է վերապատրաստման մասնակից յուրաքանչյուր ուսուցչի փոխանցած հիմնահարցերը, որի արդյունքում նախարարությունը կկարողանա աստիճանաբար գտնել յուրաքանչյուր համայնքին բնորոշ հարցերի լուծման ճանապարհները: «Հայկական համայնքները ձևավորված են հայտնի եռանկյունու շուրջ՝ հայ կենտրոն, եկեղեցի և դպրոց: Դուք ոչ միայն երիտասարդ սերունդ եք կրթում և հայեցի մտածողություն ձևավորում. ձեր աշխատանքն այն սյուներից մեկն է, որի վրա պահպանվում է համայնքը: Սփյուռքահայ երեխաները, հատկապես Եվրոպայում և Լատինական Ամերիկայում, արդեն բոլորովին այլ միջավայրի արդյունք են: Այսինքն` համայնքից համայնք պայմանները փոխվում են, հետևաբար մոտեցումները ևս պետք է լինեն առանձնակի: Օրինակ, վրացական համայնքում կան մի շարք խնդիրներ, սակայն, վստահեցնում եմ, որ մենք թափանցիկ և սկզբունքային ենք լինելու այս հարցում: Կարևոր է ցույց տալ, որ հայկական ճիշտ և որակյալ կրթությունը միայն ուժեղացնելու է Վրաստանի պետականությունը: Բոլորովին տարբեր են խնդիրները ԱՄՆ-ի հայկական համայնքներում՝ արևելահայերեն դասավանդելու և հայ երեխաներին հայկական դպրոցների շուրջ համախմբելու առումով: Ուստի, գոնե ավանդական համայնքներում պետք է օգտագործել բիլինգվալ ձևաչափը` արևելահայերենի և արևմտահայերենի մատուցումը, որպեսզի լեզվի դասավանդումը չավաղավվի», - հավելել է նախարարը` ուսուցիչներին առաջարկելով մատնանշել այն ծրագրերն ու խնդիրները, որոնց վրա պետք է ուշադրություն դարձվի հետագա վերապատրաստումների ընթացքում: Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը գործում է 2000-ից` աստիճանաբար ընդլայնվելով և խորանալով: 2002-ից այն սկսել է ֆինանսավորվել ՀՀ պետական բյուջեից: Ներկայումս ՀՀ կառավարությունը հոգում է ուսուցիչների մեկամսյա կեցության և ուսումնական ծրագրերի հետ կապված բոլոր ծախսերը: Ճանապարհածախսը հոգում են ուսուցիչները կամ համապատասխան ուսումնական հաստատությունները: Այս տարի նախատեսված է վերապատրաստում վեց ուսումնական խմբերում` մանկապարտեզի, տարրական ուսուցման, մեկօրյա դպրոցների, հայոց լեզվի ու գրականության դասավանդման, կառավարման և լրացուցիչ կրթության կազմակերպման ուղղություններով: Առավել մեծ թվով ուսուցիչներ գրանցվել են Հայոց լեզվի և գրականության (16 մասնակից), ինչպես նաև Մեկօրյա դպրոցների (18 մասնակից) խմբերում: 2016-ի ուսումնական ծրագրում, ինչպես և նախորդ տարիներին առկա են լսարանային և պրակտիկ պարապմունքներ, անցկացվելու են վարպետաց դասեր: Ուսուցիչները կայցելեն նաև պատմամշակութային վայրեր: Դասընթացների ավարտին ուսուցիչներին կտրվեն ՀՀ ԿԳ նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի վկայագրեր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |