8 հուլիսի 2016 - 12:52 AMT
Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն է սահմանվել

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց շտապ և անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ և արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ և կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երևան-Սևան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:

Աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի և Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ և անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:

Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը հուլիսի 7-ին հայտնել է, որ Երևան-Սևան-Իջևան միջպետական նշանակության ավտոճանապարհի 57-64.2 կմ հատվածում (Երևան-Սևան ուղղությամբ) հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված` հուլիսի 7-ից երթևեկությունը ժամանակավորապես (մոտ 40 օր) կսահմանափակվի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Երթևեկությունը կկազմակերպվի տվյալ ճանապարհահատվածի հանդիպակաց` Սևանից Երևան եկող ուղղությամբ:

Մարտունի-Վարդենիս- ԼՂՀ սահման միջպետական ավտոճանապարհի 6.5-10.8 կմ հատվածում հուլիսի 8-ից մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքները, որով պայմանավորված` հնարավոր են երթևեկության հետ կապված որոշակի դժվարություններ: