53 Նոբելյան դափնեկիրները հաշտեցման կոչ են անում Հայաստանին եւ Թուրքիային

PanARMENIAN.Net - «Էլի Վիզել մարդկության համար հիմնադրամը» այսօր հրապարակել է Նոբելյան մրցանակի 53 դափնեկիրների ստորագրած կոչը, որում աշխարհի ամենահեղինակավոր մրցանակին արժանացած գիտնականները, գրողները եւ հասարակական գործիչները հանդես են գալիս հայ - թուրքական հաշտեցման օգտին: Կոչի նախաձեռնողն է «Էլի Վիզել» հիմնադրամի գործադիր տնօրեն Դեյվիդ Ֆիլիփսը, ով ժամանակին համակարգում էր Հայ - թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքները:



Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Դեյվիդ Ֆիլիփսը, Նոբելյան մրցանակակիրները Թուրքիայի կառավարությանը կոչ են անում վերջ տալ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությանը եւ վերացնել երկրի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը քրեական պատիժ է սահմանում «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Նրանք նաեւ Հայաստանին կոչ են անում փոխել «ավտորիտար ուղեգիծը, ազատ եւ արդար ընտրությունների հնարավորություն տալ եւ հարգել մարդու իրավունքները»:



Նոբելյան մրցանակի դափնեկիրները Թուրքիայի եւ Հայաստանի կառավարություններին հորդորում են բացել հայ - թուրքական սահմանը` դրանով իսկ բարելավելով տնտեսական պայմանները սահմանի երկու կողմերում եւ մարդկային փոխգործողության հնարավորություն ընձեռելով, որը էական նշանակություն ունի մարդկանց փոխըմբռնման համար: Նրանք կառավարություններին կոչ են անում արագացնել երկկողմ շփումները եւ լիակատար դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, ինչպես նաեւ սատարում են գործնական ծրագրերը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջեւ, որոնք վերաբերում են ընդհանուր խնդիրներին:



Կոչը իրավական մոտեցում է առաջարկում երկու ժողովուրդների կողմից Հայոց ցեղասպանության ընկալումների միջեւ առկա վիթխարի խզումը հաղթահարելու համար: Միաժամանակ, Նոբելյան մրցանակակիրները նշում են, թե ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիան երբեք հետադարձ կիրառում չի ունեցել, հետեւաբար` «չի կարող որպես հիմք օգտագործվել փոխհատուցումների կամ տարածքային պահանջների համար»: «Թուրքերի եւ հայերի միջեւ վիթխարի խզում կա Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընկալումներում: Այդ խզմանը անդրադառնալու համար մենք դիմում ենք 2003 թվականի «20-րդ դարի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավական վերլուծությանը», որը հաստատում է ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների եզրակացությունները: Այն եզրակացնում է, որ «այդ իրադարձությունների վերաբերյալ կարելի է ասել, որ դրանք պարունակում են ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերը` ինչպես սահմանված է կոնվենցիայում»,-ասվում է փաստաթղթում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---