«Արմենիա» ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթը կայացել է

«Արմենիա» ավիաընկերության առաջին կանոնավոր չվերթը կայացել է

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-ի առավոտյան կայացել է «Արմենիա» ընկերության առաջին կանոնավոր չվերթը Երևան- Մինվոդի-Երևան ուղղությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի խոսնակ Ռուբեն Գրդզելյանը:

«Քաղաքացիների համար երկար սպասված չվերթը կայացավ առավոտյան: Մաղթենք հաջողություններ և լեփ-լեցուն տարատեսակ չվերթներ»,-ասվում է գրառման մեջ

«Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 22-ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություննով: Նախատեսվում էր, որ ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Իսրայել և Մոսկվա։ Այնուհետև ընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա:

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---