Թ.Աքչամ. Հայոց ցեղասպանությունը դարձավ Օսմանյան Թուրքիայում էթնիկ զտումների գագաթնակետը

PanARMENIAN.Net - Շուրջ 300 ուսանողներ, դասախոսներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ էին հավաքվել Նյու Ջերսիի Ռամապո քոլեջում, լսելու համար թուրք պատմաբան Թաներ Աքչամի դասախոսությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանության մասին: Մեկ ժամից ավելի Աքչամը պատմում էր 1915-1917 թթ. Հայոց ցեղասպանության, Օսմանյան կայսրության հայ բնակչության հանդեպ քաղաքականության մասին, որը կյանքի կոչվեց Առաջին համաշխարհային պատերազմի շեմին, պահպանելու համար թուրքերի գերիշխանությունը փլուզվող կայսրության մեջ, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA):



Թաներ Աքչամը դարձավ այն առաջին թուրք ակադեմիկոսներից մեկը, որոնք ճանաչում եւ բացահայտորեն դատապարտում են Հայոց ցեղասպանությունը: Պատմաբանի ելույթը հիմնված էր նրա վերջին «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունն ու թուրքական պատասխանատվության հարցը» գրքի վրա: Գրքի հրատարակումը ողջունեց գրականության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, որն ասել է.«..սա օտտոմանյան հայերի կազմակերպված ոչնչացման վերաբերյալ վերջնական հաշվետվություն է, գրված խիզախ թուրք գիտնականի կողմից, որն իր կյանքն է նվիրել իրադարձությունների ժամանակագրությանը»:



Օգտվելով օտտոմանյան պահոցներից, ինչպես նաեւ այն պահոցներից, որոնք դեռեւս հասու չեն պատմաբաններին, Աքչամը սահմանել է Հայոց ցեղասպանության շրջանակները թուրքական ազգայնամոլությամբ: Նա ցույց տվեց կայսրությունը փլուզման վիճակում, ցույց տվեց մի կայսրություն, որը լի էր տարաձայնություններով եւ հակասություններով: Աքչամի հետազոտությունը հաստատում է, որ պետության փլուզումը խթան հանդիսացավ կայսրության ուշադրությունը էթնիկ եւ կրոնական փոքրամասնություններին սեւեռելու համար:



«Թուրք կառավարությունը որդեգրեց «էթնիկ զտման» քաղաքականությունը, որի արդյունքում հույներն ու ալբանացիները արտաքսվեցին Թուրքիայի հարավ-արեւմուտքից, իսկ մահմեդական քրդերը, ասիացիներն ու արաբները վերաբնակեցվեցին Թուրքիայի արեւելքում իրենց մշտական բնակության վայրից եւ թրքացվեցին: Այդ գործընթացի գագաթնակետը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, որի ժամանակ շուրջ միլիոն ու կես հայեր սպանվեցին եւ արտաքսվեցին»,-նշել է Թաներ Աքչամը:



1977 թվականին Թաներ Աքչամը ստիպված էր լքել Թուրքիան: 1988-ից ի վեր նա ապրում է Գերմանիայի Համբուրգ քաղաքում: 2002 թվականից նա ԱՄՆ-ի Միննեսոտայի համալսարանի պրոֆեսոր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---