Գազը Թուրքիայի համար Հայոց ցեղասպանության մասին օրենքի դեմ «պայքարից» ավելի կարեւոր է

PanARMENIAN.Net - Թուրքիան չի դադարեցրել «Գազ դը Ֆրանս» ընկերության հետ բանակցությունները Nabucco ծրագրի շուրջ, որով նախատեսվում է կասպյան գազը հասցնել Եվրոպա: Այդ մասին այսօր հայտնել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Հիլմի Գյուլերը: Անցած շաբաթ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել էին, թե բանակցությունները «Գազ դը Ֆրանս»-֊ի հետ դադարեցվել են, քանի որ Ֆրանսիայի խորհրդարանը օրենք է ընդունել, որը պատիժ է նախատեսում Հայոց ցեղասպանությունը հերքելու համար: «Nabucco֊-ն մեզ համար չափազանց կարեւոր ծրագիր է, եւ «Գազ դը Ֆրանս»-֊ի մասնակցությունը այդ գործընթացին դադարեցված չէ»,֊ - ասել է Գյուլերը: Նրա վկայությամբ, սակայն, «ռազմավարական եւ քաղաքական գործոնները, այդ թվում նաեւ ֆրանսիական օրենքը, հաշվի կառնվեն ծրագրի վեցերորդ գործընկերոջ ընտրության ժամանակ», հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Նշենք, որ հինգ ընկերություններից բաղկացած կոնսորցիումը մտադիր է 3,3 հազար կիլոմետր երկարությամբ գազատար կառուցել Մերձավոր Արեւելքից եւ Կենտրոնական Ասիայից Թուրքիայի եւ Բալկանների տարածքով Եվրոպա գազ մատակարարելու համար` շրջանցելով Ռուսաստանը: Կոնսորցիումի կազմում կան գազային ընկերություններ Ավստրիայից, Հունգարիայից, Բուլղարիայից եւ Ռումինիայից: Բանակցությունները Gaz de France-ի հետ անհրաժեշտ էին $6 մլրդ (4,5 մլրդ եվրո) արժողությամբ նախագծին վեցերորդ ներդնողին ներգրավելու համար: Կառուցման ավարտը ծրագրվում է 2012 թվականին: AFP-ի հաղոդրագրության մեջ նշվում է, որ ֆրանսիական ընկերության հետ համագործակցությանը կողմ են հանդես եկել բոլոր ներդնողները, բացի Թուրքիայից, որն այդպես է վարվել Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի պատճառով` ընդունված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից անցյալ տարվա հոկտեմբերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---