Սարի թաղի դեպքերով 2 մարդ է կալանավորվել

Սարի թաղի դեպքերով 2 մարդ է կալանավորվել

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Օգոստոսի 11-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---