Ջոն Էվանսը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը

PanARMENIAN.Net - Սենատոր Ռոբերտ Մենենդեսը հաստատեց իր վետոն Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդին նշանակելու հարցում: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), այդ մասին սենատոր Մենենդեսը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցման խմբի կողմից Կապիտոլիումի բլրում նախաձեռնված քննարկման ժամանակ: Նախագահ Բուշի վարչակազմը երկու անգամ ներկայացրել է Ռ.Հոգլանդի թեկնածությունը Երեւանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար Ջոն Էվանսին ետ կանչելուց հետո` Հայոց ցեղասպանության մասին ճշմարիտ հայտարարությունների համար: Հոգլանդի թեկնածությունը ակտիվ ուշադրության կենտրոնում էր, քանի որ առաջին հերթին, Պետդեպարտամենտը ցանկանում էր ետ կանչել Էվանսին, եւ, երկրորդը, այն պատճառով, որ Հոգլանդը ժխտեց Հայոց ցեղասպանությունը Սենատում լսումների ժամանակ: Նրա հայտարարությունը, որը նման է ավանդական էվֆեմիզմներին, որոնցից օգտվում է Պետդեպարտամենտը Հայոց ցեղասպանության մասին խոսելիս, դրդեց ԱՄՆ հայ համայնքին եւ Կոնգրեսի ընդդիմությանը քվեարկել Երեւանում Հոգլանդի նշանակման դեմ:



«Ես ցանկանում եմ, որ դեսպան Էվանսը վերադառնա Երեւան, սակայն եթե մենք չկարողանանք դրան հասնել, ես կօգտագործեմ վետոյի իմ իրավունքը Հոգլանդի թեկնածության հարցում նրա հայտարարությունների պատճառով, որոնք արվել են Սենատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ: Նախագահ Բուշը պետք է նոր թեկնածություն ներկայացնի, որն ավելի լավ կներկայացնի ԱՄՆ-ի շահերը Հայաստանում»,-ընգծել է սենատոր Մենենդեսը: Իր հերթին, Ջոն Էվանսը, որը քննարկման գլխավոր ելույթ ունեցողն էր, կոչ արեց Կոնգրեսին ընդունել 106-րդ բանաձեւը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Իր ելույթում նա ասել է. «Եթե մենք չհամարձակվենք ցեղասպանություն անվանել 1915 թվականի իրադարձությունները, մենք չենք կանխի ապագա ցեղասպանությունները, ինչպես Դարֆուրինը, եւ դրանք կկրկնվեն: Ահա թե ինչու 92 տարի անց եկել է ժամանակը անվանել իրերն իրենց անունով: Ներկայացուցիչների պալատի կողմից ներկայացված 106-րդ բանաձեւը պետք է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի կողմից: Պատճառը պատմությունն է, ճշմարտությունն ու արդարությունը»,-ընդգծել է Ջոն Էվանսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---