Huffington Post. Սիրիայում թուրքական գործողության նպատակը ոչ թե ԻՊ-ի, այլ քրդերի դեմ կռիվն է

Huffington Post. Սիրիայում թուրքական գործողության  նպատակը ոչ թե ԻՊ-ի,  այլ քրդերի դեմ կռիվն է

PanARMENIAN.Net - Օբամայի վարչակարգը ջանասիրաբար խուսափել է Սիրիայի հակամարտությանն ԱՄՆ-ի ռազմական միջամտությունից: Թուրքիայի ներխուժումը Սիրիա և գրավումը ռազմավարական սխալ կլինի՝ Միացյալ Նահանգները դարձնելով Սիրիայի քաղաքացիական պատերազմում կարևոր դերակատար, գրում է նախագահներ Քլինթոնի, Բուշի և Օբամայի պաշտոնավարության ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտի նախկին ավագ խորհրդական և արտաքին գործերի փորձագետ Դեյվիդ Լ. Ֆիլիպսը Huffington Post-ում:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ օգոստոսի կեսերին Անկարա էր այցելել փոխնախագահ Ջո Բայդենը՝ վերականգնելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Ժամանելուց հետո Բայդենը տեղեկացել է, որ թուրքական հատուկ ուժերը, տանկերը և մարտիկները Սիրիայի իշխանությունների դեմ գործող «Սիրիական ազատ բանակի» հետ ներխուժել են Ջերաբլուս քաղաք:Այնուամենայնիվ, ականատեսները նշել են, որ ռումբեր իրականում չեն նետվել Ջերաբլուսի վրա: Սիրիայի ճահիճը մտնելն ԱՄՆ-ի շահերից չի բխում, գրում է հեղինակը, մեջբերում է Tert.am-ը:

Նշվում է, որ «Եփրատի վահան» գործողությունը խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը: Թուրքիային աջակցելն ԱՄՆ-ին մասնակից կդարձնի Սիրիայի հողերի գրավման հարցում: Թուրքիան շարունակում է հարավ շարժվել, և նա մտադրություն չունի հրաժարվելու տարածքից: Իր ներկայությունն արդարացնելու համար Թուրքիան կբնակեցնի սիրիական անկլավը փախստականներով: Թուրքիան ցանկանում է մասնակցել Ժնևում խաղաղության գործընթացին և ունենալ հավասար դիրք Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ: Հաշվի առնելով իսլամիստներին աջակցելու Թուրքիայի դառը անցյալը՝ ավելի դժվար կլինի բանակցությունների միջոցով հասնել Սիրիայի հակամարտության ավարտին, եթե թուրքական զորքերը գտնվեն երկրի տարածքում:

Ըստ հեղինակի, Էրդողանը ցանկանում է, որ ԱՄՆ-ն ընտրություն կատարի Թուրքիայի և YPG-ի միջև, բայց բազմիցս մերժվել է: Օբամայի վարչակարգը պետք է աչալուրջ լինի Թուրքիայի մտադրություններին:

Հեղինակը պնդում է, որ թուրքական գործողության հիմնական նպատակը ոչ թե ԻՊ-ի դեմ կռվելն է, այլ քրդերի: Նա նշում է, որ Ջերաբլուսը գրեթե առանց մարտի է հանձնվել թուրքական ուժերին, քանի որ Անկարան գործարքի է գնացել ԻՊ-ի հետ, և ԻՊ-ի ուժերը պարզապես փոխել են հանդերձանքը «Սիրիական ազատ բանակի» համազգեստով: Նրա խոսքով՝ զարմանալի չէ, որ Էրդողանն ու ԻՊ-ը գործարքի են գնացել: ԻՊ-ը և Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գաղափարապես մոտ են: Չնայած որ այդ տեղեկություններն իշխանությունները հերքում են, սակայն բազմաթիվ ապացույցներ կան, որ Թուրքիան ռազմական և ֆինանսական աջակցություն է տրամադրել Սիրիայի իսլամիստներին 2014-ից ի վեր:

Հեղինակը նշում է, որ Իրականում Թուրքիան փորձում է թույլ չտալ YPG-ին իր սահմանի մոտ ինքնավար տարածք ստեղծելու գաղափարն իրականություն դարձնելու հարցում, որը կարող է նաև ազդեցություն ունենալ Թուրքիայի տարածքում ապրող քրդերի ինքնավարության ձգտումների վրա:

ԱՄՆ իշխանությունները չպետք է կապ ունենան Թուրքիայի խորտակվող նավի հետ, հոդվածը եզրափակել է հեղինակը:

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ին մուտք են գործել Սիրիայի տարածք: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակի գործողությունը սիրիական Ջարաբլուսում ուղղված է ահաբեկչական «Իսլամական պետության» գրոհայինների և սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ:

Կարդացեք նաև՝ Սիրիայում թուրքական տանկ է խոցվել

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---