Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են

Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են

PanARMENIAN.Net - Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում մայիսի 28-ի՝ ժամը 08։00-ի դրությամբ, մայիսի 27-ի երեկոյան 20։00-ին դիտված ջրի ելքերի համեմատ հիմնականում դիտվել է նվազում, հայտնում է ArmMonitoring-ը։

Առանձին դիտակետերում է միայն դիտվել ջրի ելքերի մեծացում. Դեբեդ գետի Այրում դիտակետում ջրի ելքը նվազել է 26 մ3/վ-ով և կազմել 214 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 350 մ3/վ), Ձորագետ գետի Ստեփանավան դիտակետում ջրի ելքը կազմել է 75.5 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 175 մ3/վ), որը 10 մ3/վ-ով ավել է մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքից, Փամբակ գետի Թումանյան դիտակետում ջրի ելքը մայիսի 27-ի ժամը 20։00-ի համեմատ նվազել է 11.2 մ3/վ-ով և կազմել՝ 61.4 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 120 մ3/վ), Տաշիր գետում ջրի ելքը բարձրացել է 13.1 մ3/վ-ով և կազմել՝ 28.3 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 85.4 մ3/վ)։

Աղստև գետի ավազանում Դիլիջան դիտակետում ջրի ելքը 2024 թվականի մայիսի 28-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 16.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 42.4 մ3/վ), որը մայիսի 27-ի ժամը 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 4.4 մ3/վ-ով։ Աղստև գետի Իջևան դիտակետում ջրի ելքը մայիսի 28-ի 08։00-ի դրությամբ մայիսի 27-ի 20։00-ին դիտված ելքի համեմատ նվազել է 6.5 մ3/վ-ով և կազմել է 86.0 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 124 մ3/վ)։

Կիրանց գետի Աճարկուտ դիտակետում ևս դիտվել է ջրի ելքերի նվազում և մայիսի 28-ի 08։00-ի դիտված ջրի ելքը կազմել է 6.90 մ3/վ (վտանգավոր ելքը կազմում է 20.4 մ3/վ): Անցած գիշեր Լոռիում և Տավուշում դիտվել է անձրև, տեղումների քանակը Լոռիում կազմել է 7-13 մմ, Տավուշում՝ 3-7մմ։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---