Պետերբուրգի նահանգապետը հավանություն է տվել Դովլաթովի հուշարձանի կանգնեցմանը

Պետերբուրգի նահանգապետը հավանություն է տվել Դովլաթովի հուշարձանի կանգնեցմանը

PanARMENIAN.Net - Խորհրդային շրջանի հայտնի գրող Սերգեյ Դովլաթովի հուշարձանը Սանկտ Պետերբուրգում, որի կանգնեցման համար ստորագրահավաք էր սկսվել օգոստոսի սկզբին, չեն հասցնի կանգնեցնել մինչ սեպտեմբերի 3-ը, երբ նշվելու է գրողի ծննդյան 75-ամյակը: Այդ մասին հայտարարել է Պետերբուրգի նահանգապետի խորհրդական, «Սանկտ Պետերբուրգ» հեռուստաալիքի ղեկավար Սերգեյ Բոյարսկին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

2016-ի սեպտեմբերի 3-ին Դովլաթովը կդառնար 75 տարեկան: Նրա երկրպագուները որոշել են հիմնել «Դոլվաթովի երկրպագուների ընկերակցություն» և փառատոն կազմակերպել, որին առաջարկում են մասնակցել բոլոր ցանկացողներին:

Ըստ ընդունված կարգի, Պետերբուրգում հուշարձան կանգնեցնելու համար, հարկավոր է, որ գրողի վախճանից 30 տարի անցած լինի, սակայն նահանգապետը բացառության կարգով կարող է ստորագրել հուշարձանի կանգնեցման թույլտվությունը:

«Հուշարձանի կանգնեցումը համաձայնեցրել ենք, քաղաքական կամք կա, սակայն բոլոր ընթացակարգերը չենք հասցնի ավարտել: Ուստի փառատոնի ժամանակ հուշարձանը չի բացվի, քանի որ տեղադրման օրը դեռ հայտնի չէ»,-ասել է Բոյարսկին:

Սեպտեմբերի 3-ին Ռուբինշտեյնի փողոցը, որտեղ ապրել է գրողը, մեկ օրով կվերածվի միասնական ինտերակտիվ տարածքի` համերգներով ու ցուցահանդեսներով:«Պետերբուրգում, որտեղ Դովլաթովն անցկացրել է կյանքի մեծ մասը, նրա հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա: Ուստի, մենք, հավաքվելով հոբելյարի համար հարազատ Ռուբինշտեյնի փողոցում, ազդարարում ենք նոր տոնի մեկնարկը` «Դ օրը»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Գրող և հրապարակախոս Սերգեյ Դովլաթովը ծնվել է Ռուսաստանի Ուֆա քաղաքում: Նրա հայրը՝ Դոնաթ Մեչիկը ռեժիսոր էր, մայրը՝ Նորա Դովլաթովան դրամատիկական թատրոնի դերասանուհի: 1945թ. նա ապրել է Լենինգրադում, սովորել է ԳՊՀ բանասիրական ֆակուլտետում: Դովլաթովը ծառայել է բանակում, 3 տարի ապրել է Տալլինում, աշխատել է թերթում, որից հետո վերադարձել է Լենինգրադ: Դովլաթովը էքսկուրսավար է աշխատել Միխայլովսկում՝ Պուշկինի թանգարան-արգելոցում: Դովլաթովի ստեղծագործությունները հրատարակվել են էմիգրանտների «Մայրցամաք» և »Ժամանակն ու մենք» ռուսալեզու ամսագրերում: 1976թ. նրան հանեցին ԽՍՀՄ Լրագրողների միության կազմից: 1978թ. նա բնակություն հաստետց ԱՄՆ-ում: Արևմուտքում նա 12 գիրք հրատարակեց ռուսերեն լեզվով, նա նաև ամերիկյան ՓԵն-ակումբի դափնեկիր է, տպագրվել է New Yorker ամսագրում: Մինչ այդ նման պատվի ռուս գրողներից արժանացել էր միայն Վ. Նաբոկովը: Դովլաթովը շատ գեղեցիկ ռուսերենով էր գրում՝ ընտրում էր միայն «լավագույն բառերը լավագույն շարադասությամբ»: Դովլաթովի բոլոր ստեղծագործություններն այսպես թե այնպես ինքնակենսագրական են: Նա դժվար էր գրում՝ ոչ մի բան չհորինելով ու չերևակայելով: Իր ապրած կյանքն ու բառերը՝ահա այն ամենն, ինչ նա ուներ:

Սերգեյ Դովլաթովը մահացել է 1990թ. օգոստոսի 24-ին Նյու Յորքում, թաղված է Նյու Յորքի Կվինս թաղամասի հրեական Mount Hebron գերեզմանատան հայկական մասում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---