Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումները հակասում են ժողովրդավարությանը. Իրավապաշպաններ

Ադրբեջանի սահմանադրական բարեփոխումները հակասում են ժողովրդավարությանը. Իրավապաշպաններ

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի մի խումբ իրավապաշտպաններ կոչ են անում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին իրավական գնահատական տալ նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին։

«Առաջարկված փոփոխություններից մի քանիսը հակասում են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին ու օրենքի գերակայությանը», - պնդում են հինգ հայտնի իրավապաշտպաններ, այդ թվում՝ վերջերս կալանքից ազատված Լեյլա Յունուսն ու Ինթիգամ Ալիևը։

Սեպտեմբերի 26-ին անցկացվելիք հանրաքվեի շեմին Ալիևի վարչակազմը շարունակում է հետևողականորեն ճնշել ու ազատազրկել անխտիր բոլոր ընդդիմախոսներին։ Ճաղերի հետևում են հայտնվում անգամ այն ակտիվիստները, որոնք հանդգնում են Ալիևի նախաձեռնությունը սոցիալական ցանցերում քննադատել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ընդդիմադիր «Մուսաֆաթ» կուսակցությունը սեպտեմբերի 5-ին հրապարակել է քարոզարշավի վերաբերյալ առաջին նախնական զեկույցը՝ փաստելով. - «Մինչև օրս իշխանությունը որևէ բացատրություն չի ներկայացրել փոփոխությունների էության, բովանդակության ու անհրաժեշտության վերաբերյալ, նախագիծը չի ներկայացվել Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովին, չեն կազմակերպվել բանավեճեր ու քննարկումներ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու, մերժել է գրանցել ընդդիմության ձևավորած քարոզչական միակ «Հանրապետություն» խմբավորումը, դատարաններն էլ մեկը մյուսի հետևից հաստատել են իշխանությունների այս որոշումները»։

Ադրբեջանում նախատեսվող սահմանադրական փոփոխությունները, ըստ վերլուծաբանների, ընդարձակում են Ադրբեջանի ղեկավարի առանց այն էլ լայն լիազորությունները, դրանց ընդունման դեպքում նախագահը կիշխի յոթ տարի, ներկայիս հինգի փոխարեն, կկարողանա միանձնյա լուծարել խորհրդարանը, եթե օրենսդիրները մեկ տարվա ընթացքում երկու անգամ անվստահություն հայտնեն կառավարությանը։ Բացի այդ, առաջարկվում է երկրի նախագահ դառնալու համար սահմանված տարիքային շեմը չեղարկել, պատգամավոր դառնալու շեմն էլ 25-ից հասցնել մինչև 18 տարվա, ըստ այդմ, եթե այս փոփոխություններն ընդունվեն Ադրբեջանի չափահաս բոլոր քաղաքացիները կարող են առաջադրվել թե՛ նախագահի, թե՛ Միլի մեջլիսի (Ադրբեջանի խորհրդարանի) պատգամավորի պաշտոնում։

Վերլուծաբանները, սակայն, վստահ են իրականում այս ամենն արվում է հանուն մեկ քաղաքացու՝ 19-ամկա կրտսեր Ալիևի, որը ներկայումս սովորում է Բաքվի դիվանագիտական ակադեմիայում։ Իլհամ Ալիևի պաշտոնավարման ներկայիս ժամկետը սպառվում է 2018 թվականին։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---