Ցուկերբերգը $3 մլրդ կներդնի հիվանդությունների դեմ պայքարի համար

Ցուկերբերգը $3 մլրդ կներդնի հիվանդությունների դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը` Պրիսցիլլա Չանը մտադիր են առաջիկա 10 տարում $3 մլրդ ներդնել բոլոր գոյություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարին միտված հետազոտական նախագծի մեջ: Նրանք այդ մասին հայտարարել են սեպտեմբերի 21-ին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Այդ նախաձեռնությունն ուղղված է մանկական տարիքից բոլոր հնարավոր հիվանդությունների վերահսկման, կանխարգելման և բուժման մեթոդների մշակմանը: Մասնավորապես, նշված գումարից 600 միլիոն դոլարը կհատկացվի հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման միջոցների մշակման հետազոտական կենտրոնի ստեղծմանը: Համալիրը կտեղակայվի Սան Ֆրանցիսկոյում և կմիավորի առաջատար կենսաինժեներներին ու բժշկության լավագույն մասնագետներին:

Նոր կենտրոնի առաջին նախագծերից կլինի հատուկ չիպի մշակումը, որը կկարողանա «ախտորոշել ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն և հետևել արյան շրջանառությանը», ինչպես նաև «բջիջների ատլասի» ստեղծմանը: Այն կներառի մարդու օրգանիզմի բոլոր հնարավոր բջիջների և նրանց տարբեր վիճակների նկարագրությունը` նոր դեղամիջոցների ստեղծումը դյուրացնելու նպատակով:

«Մենք ծախսում ենք 50 անգամ ավելի հիվանդներին բուժելու համար, քան ներդնում ենք հետազոտությունների մեջ, որոնք միտված են նրան, որ մարդն ընդհանրապես չհիվանդանա»,-ասել է Ցուկերբերգը:

Նախատեսվում է նոր բուժտեխնոլոգիաների, թեստերի ու պատվաստանյութերի մշակում, ինչպիսիք են Էբոլան, Զիկա վիրուսն ու ՁԻԱՀ-ը: Ցուկերբերգը հույս է հայտնել, որ բոլոր դրված նպատակները կյանքի կկոչվեն արդեն ընթացիկ հարյուրամյակի ավարտին:

2015-ին Ցուկերբերգն ու Չանը խոստացան մինչև կյանքի վերջը բաժանել Facebook-ի բոլոր բաժնետոմսերը բարեգործական նպատակներով: Որպես հիմնական թիրախներ մատնանշվել են անհատական ուսուցումը, հիվանդությունների բուժումը, մարդկանց միավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---