Շեքսպիրը՝ հայ և բրիտանացի գրողների դիտակետում. Ներկայացվել է «Սոնետների փոխանակում» ծրագիրը

Շեքսպիրը՝ հայ և բրիտանացի գրողների դիտակետում. Ներկայացվել է «Սոնետների փոխանակում» ծրագիրը

PanARMENIAN.Net - Հայ բանաստեղծ Կարեն Անտաշյանը և բրիտանացի գրող Ֆիոնա Սեմփսոնը գրառել են շեքսպիրյան թեմաների իրենց մեկնաբանումը` հիմք դնելով գրական համագործակցության հնարավորության Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև:

Բրիտանական խորհրդի աջակցությամբ «Գրական տապան 2016» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպվել էր «Սոնետների փոխանակում» ծրագիրը, որի նպատակն է միավորել ժամանակակից գրողների, այսպիսով` խրախուսելով գրական նոր ոճերի փնտրտուքը և գաղափարների փոխանակումը:

«Սոնետների փոխանակում» ծրագրի մասնակից Կարեն Անտաշյանը սեպտեմբերի 22-ին իր «Գագոն և տիեզերական ձանձրույթը» բանաստեղծությունը ներկայացրել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողներին: Հանդիպմանն առցանց միացել էր նաև Ֆիոնա Սեմփսոնը` ներկայացնելով իր Drowned Man բանաստեղծությունը:

«Շեքսպիրն իր սյուժեներում հերոսների համար ստեղծում է անելանելի վիճակներ: Իմ բանաստեղծության հերոսն էլ է անելանելի վիճակում` ներկայացնելով 30-ն անց երիտասարդների ճգնաժամը», ասել է Անտաշյանը:

«Հայ գրողի հետ աշխատելու հեռանկարն անչափ ոգևորիչ է ինձ համար: Շեքսպիրն ազգային հարստություն է, և մեզ համար տպավորիչ է տեսնել, որ նրա ստեղծագործություններից ոգեշնչվում են նաև հայ գորղները», - ասել է Ֆիոնա Սեմփսոնը:

«Սոնետների փոխանակում» ծրագիրը «Շեքսպիրն ապրում է» միջազգային նախագծի բաղադրիչ է և իրականացվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շարքում: Նմանատիպ միջոցառումներ արդեն իրականացվել են Եվրոպական մի շարք երկրներում, Վիետնամում, Ինդոնեզիայում և Ռուսաստանում:

Կարեն Անտաշյանը հրատարակված երեք գրքի հեղինակ է, արժանացել է մրցանակների և պարգևների: «Գրանիշ» գրական ակումբի համահիմնադիրներից է, որի գլխավոր նպատակն արդի հայ գրողների և գրականության հանրահռչակումն է:

Ֆիոնա Սեմփսոնը հրատարակել է 19 գիրք, արժանացել բազմաթիվ մրցանակների: Սովորել է Օքսֆորդի համալսարանում, մասնագիտությամբ ջութակահար է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---