Մարուքյանը «Հայկական վերածնունդին» ու ԲՀԿ-ին առաջարկում է միասին ձևավորել իշխանությունը Վանաձորում

Մարուքյանը «Հայկական վերածնունդին» ու ԲՀԿ-ին առաջարկում է միասին ձևավորել իշխանությունը Վանաձորում

PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես առաջարկում է «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին միավորվել և միասին ձևավորել տեղական իշխանություն Վանաձոր քաղաքի տեղական ինքնակառավարման մարմնում: Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողներին ասել է «Լուսավոր Հայաստանի» նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Հանրապետական կուսակցությունը և Դաշնակցությունը միասին ունեն 15 մանդատ, որով հնարավոր չէ ընտրել Վանաձորի քաղաքապետին։ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին ունեն 18 մանդատ։ Եվ մենք երեքով կարող ենք Վանաձորում ՀՀԿ-ին դարձնել ընդդիմադիր ուժ։ Մենք կարող ենք այդ կոալիցիայի արդյունքում ընտրել քաղաքապետ, ձևավորել տեղական իշխանություն և սկսել մեր ծրագրերի իրագործումը»,- ասել է Մարուքյանը, մեջբերում է Civilnet.am-ը։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր և ռեալ հնարավորություն է։

Վանաձորում քաղաքային իշխանությունների ընտրությունները կայացել են հոկտեմբերի 2-ին։ Այստեղ մրցում էր 8 կուսակցություն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն՝ ստանալով 14 889 ձայն (37.6%): Երկրորդ տեղում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է՝ 10 899 ձայնով (27.5%), երրորդում՝ «Հայկական վերածնունդը»՝ 5286 ձայնով (13.34%): Չորրորդ տեղում «Բարգավաճ Հայաստանն» է՝ 2872 ձայնով (7.25%): Նրան հաջորդում է Հայ հեղափոխական դաշնակցությունը՝ 2522 ձայնով (6.36%)։

Անցողիկ վեց տոկոս շեմը չեն հաղթահարել «Քաղաքացիական պայմանագիրը», որը ստացել է 1617 ձայն (4.08%), «Համախմբումը»՝ 984 ձայն (2.48%), Հայ ազգային կոնգրեսը՝ 551 ձայն (1.39%)։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---