Ֆիննախ. Եթե պետպարտքը չաճեր, կունենայիք փոխարժեքի կտրուկ արժեզրկում և տնտեսական աճի ցածր տեմպ

Ֆիննախ. Եթե պետպարտքը չաճեր, կունենայիք փոխարժեքի կտրուկ արժեզրկում և տնտեսական աճի ցածր տեմպ

PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսական վատ իրավիճակի մասին վարչապետի խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա չի նշանակում, որ մենք ապագայի նկատմամբ պետք է ձևավորենք վատ սպասումներ: Այս մասին հոկտեմբերի 4-ին հրավիրած առաջին ասուլիսի ժամանակ ասել է Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով տնտեսական իրավիճակը, ըստ որի՝ 2014-ին և 2015-ին Հայաստան եկած տրանսֆերտները մոտ $700 մլն-ի չափով կրճատվել են:

2016-ին էլ, ըստ նախարարի, $140 մլն-ի կրճատում է լինելու: Ստացվում է՝ վերջին 3 տարում Հայաստան չի մտել $840 մլն, մեջբերում է Tert.am-ը:

«Եթե կառավարությունը հակազդող քայլեր չաներ, մենք կունենայինք բացասական տնտեսական աճ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ վերջին 2 տարիների ընթացքում հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, ընդլայնողական:

«Դա նշանակում է, որ մենք ավելի շատ ծախս ենք կատարել և դեֆիցիտ ենք տվել, և դեֆիցիտի հաշվին ավելի շատ գումար ենք ներարկել տնտեսություն, որ փոխհատուցենք արտաքին աշխարհից կրճատվող արտարժութային հոսքերը: Դա հանգեցրել է 2015 թվականին 4,8 տոկոս պակասորդի։ 2016-ին մենք ակնկալում ենք 5,9-6 տոկոս պակասորդ-ՀՆԱ ցուցանիշ»,-ասել է Արամյանը:

Ըստ նրա՝ կառավարությունը նույն չափով պարտք է վերցրել: «Մեր պարտքը վերջին 3 տարվա ընթացքում աճել է մոտ 900 մլն դոլարի չափով: Եթե դա չլիներ, մենք կունենայինք փոխարժեքի կտրուկ արժեզրկում և տնտեսական աճի ցածր տեմպ: Դա է եղել հիմնական պատճառը, որ Հայաստանը վերջին տարիներին ունեցել է պարտքի բարձր մակարդակ»,-ասել է նախարարը:

Ըստ նրա՝ այս տարի կառավարությունն ակնկալում է 2,4 տոկոս տնտեսական աճ՝ ծրագրված 2,2 տոկոսի փոխարեն: 2017-ին տնտեսական աճի ցուցանիշը ծրագրված է 3,2 տոկոս: Ավելի բարձր տնտեսական աճն ակնկալվում է կապիտալ ծախսերի արդյունքում:

Այս տարի հարկերի 80 մլրդ-ով պակաս հավաքագրում կլինի ծրագրավորված ցուցանիշից: 2015-ին ևս 80 մլրդ-ով պակաս էր հավաքագրումը:

«Ծախսերի մի քանի անգամ կրճատումը անհնար է, բայց, քանի որ պարտքն աճել է, պետք է գնանք պարտքի կոնսոլիդացման: Իսկ դա նշանակում է, մենք պետք է հետագա տարիներին պարտքը դարձնենք կառավարելի: Երբ պարտքն անընդհատ աճում է, եթե չկարգավորես քո բյուջեն, կհանգես նրան, որ պարտքերի սպասարկման տոկոսային ծախսերը կարտամղեն մյուս ծախսերը»,-նշել է նախարարը:

Եկող տարի ևս կառավարությունը պարտք է վերցնելու: «Պակասորդ- ՀՆԱ ցուցանիշը 2017-ին ծրագրել ենք 2,8 տոկոս: Դա շուրջ 150 մլրդ պակասորդ է»,-ասել է Արամյանը՝ հավելելով, որ պակասորդի 80 մլրդ-ը ֆինանսավորելու են արտաքին աղբյուրների հաշվին:

Սեպտեմբերի 14-ին վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, թե ՀՀ տնտեսության վիճակը չափազանց ծանր է, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Մեր տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր: Եթե ուզում ենք տնտեսության մեջ փոփոխություն անել, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ: Կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու՝ սոցիալական լարվածության իջեցմանն ուղղված, նաև բիզնեսի զարգացման առումով»: Նրա խոսքով, որոշելու են, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու:

Կարդացեք նաև՝ՀՀ պետպարտքը մեկ ամսում ավելացել է 1.8%-ով՝ հասնելով $5.484 մլրդ-ի

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---