Yandex-ը Հայաստանում ծրագրավորման դպրոց է բացում

Yandex-ը Հայաստանում ծրագրավորման դպրոց է բացում

PanARMENIAN.Net - Yandex-ը Երևանում ծրագրավորման դպրոց կբացի բարձր դասարանների աշակերտների համար: Այս կրթական ծրագիրը նախատեսված է 8-ից 10-րդ դասարանցիների համար:

Ծրագրավորման դպրոցը անվճար դասընթաց է, որը կազմված է թեմատիկ դասախոսություններից ու ծրագրավորման սեմինարներից: Ուսուցումը կազմակերպվելու է Python-ի օրինակով. այս լեզուն թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ և դրա պահանջարկը շուկայում աստիճանաբար աճում է:

Ուսուցման ծրագիրը մշակվել է Յանդեքսի տվյալների վերլուծության դպրոցում: Յանդեքսը զբաղվելու է դասախոսների ընտրությամբ և պատրաստմամբ, ինչպես նաև հրավիրելու է ոլորտի լավագույն մասնագետներին Հայաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից դասախոսություններ կարդալու համար:

«Հայաստանյան ծրագրավորողները աշխատում են աշխարհի լավագույն ՏՏ ընկերություններում, շատերը մեծ հաջողությունների են հասել: Մենք համոզված ենք, որ ապագա հայ ծրագրավորողները մեծ հեռանկարներ ունեն: Բոլոր ամենաառաջադեմ գաղափարներն ու նախագծերը, ինչպիսիք են ռոբոտների և անօդաչու տրանսպորտի ստեղծումը, արհեստական ինտելեկտի զարգացումը, չեն կարող իրականացվել առանց ծրագրավորողների մասնակցության: Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի հայ դպրոցականները կարողանան իրենց ուժերը փորձել այս մասնագիտության մեջ և հետագայում գիտակցված ընտրություն կատարեն», - ասում է Յանդեքս տաքսի-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Դասերը կմեկնարկեն 2017 թ. հունվարին և կանցնեն դպրոցից ազատ ժամանակ: Դպրոցականների ընդունելությունը մեկնարկելու է դեկտեմբերի 12-ին և անցկացվելու է մրցույթի միջոցով: Երեխաները պետք է հաջողությամբ հաղթահարեն օնլայն թեստավորումը և դեմ առ դեմ հարցազրույցը, որոնց ընթացքում նրանց առաջարկվելու են տրամաբանական, մաթեմատիկական և ծրագրավորման հետ կապված խնդիրներ: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ դպրոցականներին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

2007 թ. ընկերությունը ստեղծել է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ դասավանդում են մեքենայական ուսուցում (machine learning), համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն և այլն: Յանդեքսը աջակցում է մաթեմատիկա-ինժեներական դպրոցին՝ բարձրագույն, միջնակարգ և լրացուցիչ կրթության շրջանակներում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---