50 ընկերության ռազմատեխնիկական արտադրանք՝ 9 երկրից. Երևանում բացվել է ArmHiTec-2016 ցուցահանդեսը

50 ընկերության ռազմատեխնիկական արտադրանք՝ 9 երկրից. Երևանում բացվել է ArmHiTec-2016 ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երևանում հոկտեմբերի 13-ին բացվել է սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 50 ընկերության ռազմատեխնիկական արտադրանք՝ 9 երկրից:

Ցուցահանդեսը բացվել է հատուկ ջոկատայինների ցուցադրական ելույթով, փորձարարական միջոցառումներով: Բացմանը ներկա են եղել ՀՀ և ՀԱՊԿ անդամ-պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ավանդական կարմիր ժապավենը կտրելուց հետո Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, նրա տեղակալները, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանները մտել են ցուցասրահ, որտեղ հատկապես առանձնանում են զրահատանկային ու հրթիռա-հրետանային սպառազինություններն ու ռազմական ավիացիայի ոլորտի նորամուծությունները:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ցուցահանդեսի բացմանը նշել է, թե այն միտված է պաշտպանության ոլորտում հայրենական, գիտատեխնիկական արդի ձեռքբերումներն օգտագործելուն ու ներդրումների խթանմանը:

Ըստ նախարարի, սա է պատճառը, որ ցուցահանդեսը հատուկ ուշադրության է արժանացել Հանրապետության ղեկավարության, լայն հասարակության կողմից:

«Ներկայումս միջազգային շուկայում ճանաչում գտած ու մարտական կիրառման մեջ փորձված սպառազինության ու ռազմական տեխնիկայի կողքին, պաշտպանության տեխնոլոգիաների ոլորտում առավել ակտիվ տեղ են զբաղեցնում նորարար մշակումները, որոնք թույլ են տալիս փոխել մարտական գործողությունների վարման ձևերը, բարձրացնել զինծառայողների անվտանգությունը»,- շեշտել է նախարարը՝ հավելելով, որ ցուցահանդեսում հիմնական շեշտադրումը բարձր տեխնոլոգիաներով լուծումների վրա է, իսկ Հայաստանն ավանդաբար առաջատար դիրքեր է զբաղեցնում էլեկտրոնիկայի, օպտիկայի, կիբեռնետիկայի և այլ բնագավառներում, մեջբերում է Tert.am-ը:

«Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը կնպաստի նաև միջազգային ռազմատեխնիկական գործակցության ընդլայնման, զարգացման համար: Հայ ժողովուրդը երբեք չի ունեցել այս ոլորտում գիտակների պակաս: Հայաստանի ռազմարդյունաբերությունն ունի համապատասխան մասշտաբով նորարարություն, բարձր տեխնոլոգիաների ոլորտում տնտեսության խթանիչ դառնալու բոլոր հնարավորությունները: Բոլորին կոչ եմ անում ջանք ու եռանդ չխնայել՝ ազգ-բանակ տիրույթում ջանքերը գործադրելու համար: Առաջ՝ դեպի հաղթանակներ»,- նշել է Սարգսյանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան էլ իր խոսքում նկատել է, որ կազմակերպության ուժային պոտենցիալը պետք է ամրապնդվի, իսկ արդյունավետ աշխատանքի համար նրանք պետք է ապահովված լինեն ժամանակակից սպառազինությամբ, որպեսզի դիմակայեն ցանկացած մարտահրավերի, սպառնալիքի:

«Այս տեխնիկան պետք է օպերատիվ համակցվի, որպեսզի համատեղ ռազմական գործողությունները դժվար չդառնան: Ուստի ՀԱՊԿ խորհուրդն ամեն ինչ անում է անդամ պետությունների միջև ռազմաքաղաքական, ռազմատնտեսական գործակցության ապահովման համար»,- ասել է նա՝ շեշտելով, որ այս ցուցահանդեսը հենց վկայում է այն մասին, թե որքան սերտ է ռազմատեխնիկական գործակցությունը պետությունների միջև, որքան հեռանկար կա՝ նոր տիպի զինտեխնիկայի ստեղծման կամ սպառազինության վերանորոգման համար:

Ցուցահանդեսը բաց է մինչև հոկտեմբերի 15-ը:

Ցուցահանդեսի թեմատիկ ցանկն ընդգրկում է սպառազինությունների և ռազմական տեխնիկայի գործնականում կիրառվող ամբողջ տեսականին, նորարարական տեխնոլոգիաների և բարձր ճշգրտության զենքի մշակումները. մարտի կառավարման համակարգեր, հաղորդակցման կապի միջոցներ և համակարգեր, զորքերի կառավարման ավտոմատ համակարգեր, ռոբոտատեխնիկական համակարգեր, անօդաչու ավիացիա, թռչող ապարատներ և համակարգեր, անօդաչու ավիացիայի հետ պայքարի տեխնոլոգիաներ, հայտնաբերման, որոնման և զննման միջոցներ, ճշգրիտ զենք, լազերային տեխնոլոգիաներ, օպտիկական-էլեկտրոնային սարքավորումներ և համակարգեր, ՀՕՊ միջոցներ, ռադիոհետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի և ռադիոհակազդման միջոցներ, «Ապագայի զինվորի» սպառազինություն, տեխնոլոգիաներ, հանդերձանք և այլ թեմատիկ բաժիններ:

Բացի ծավալուն ցուցադրական մասից, ArmHiTec-2016 միջազգային ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է նաև բազմազան գործարար ծրագիր, ինչը բացառիկ հնարավորություն կընձեռի անվտանգային ոլորտի առաջատար փորձագետների հետ հանդիպումների և խորհրդատվությունների անցկացման, խնդիրների քննարկման համար, հայտնում է ՀՀ ՊՆ-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---