Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն Երևանում

Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ կանցկացվեն Երևանում

PanARMENIAN.Net - «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, ԱՄՆ-ի Իլինոյսի համալսարանի Մորթենսոն միջազգային գրադարանային ծրագրերի կենտրոնի հետ համատեղ՝ հոկտեմբերի 17-28-ը, Երևանում կանցկացնեն գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ: Ծրագիրը կմեկնարկի հոկտեմբերի 17-ին` ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:

Դասընթացներին մասնակցում են Հայաստանի հանրային գրադարանների 100 գրադարանավար՝ 60-ը ՀՀ մարզերից ու համայնքներից, 40-ը՝ Երևանի համայնքային գրադարաններից: Կանցկացվեն «Գրադարանների նորարարական կառավարման մեթոդները» թեմայով, 4 փուլով՝ յուրաքանչյուրը երկօրյա հագեցած ծրագրով: Դասերը կվարեն փորձառու մասնագետներ Հայաստանից՝ համապատասխան ուղեցույցներով: Դրանց ներկա կլինեն ԱՄՆ Մորթենսոն կենտրոնի երեք փորձագետ՝ ծրագրի ընթացքը և արդյունավետությունը գնահատելու համար: Դասընթացի ավարտին գրադարանավարներին կտրվեն վկայականներ և թիմային հավաստագրեր:

Ծրագրի նպատակն է հանրային գրադարանների կառավարման նոր հմտություններ և գիտելիքներ փոխանցել գրադարանավարներին, նրանց մատուցել նորարարական փոխգործուն, համագործակցային, նախաձեռնողական գործելաոճի առանձնահատկությունները՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում գրադարանային գործի զարգացման:

Ծրագրի արդյունավետությունը ապահովելու նպատակով, վարպետության դասերին մասնակից գրադարանավարները դասընթացում ձեռք բերած գիտելիքներն ու նորարարական հմտությունները կկիրառեն աշխատանքում և կփոխանցեն իրենց գործընկերներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---