Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ին կրճատվել է 3,9%-ով

Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ին կրճատվել է 3,9%-ով

PanARMENIAN.Net - 2016-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի ՀՆԱ անկումը կազմել է 3,9%: Ըստ Ադրբեջանի Պետական վիճակագրական կոմիտեի, ՀՆԱ անվանական արժեքը հաշվետու շրջանում մոտ $27 մլրդ է: Ոչ նավթային ՀՆԱ-ի տեսակարար կշիռը 9 ամսում կազմել է 65,7%, նավթագազայինը` 34,3%, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ըստ վիճակագրության, Ադրբեջանի ՀՆԱ անկումը հաշվետու շրջանում պայմանավորված է 32%-անոց անկումով շինարարության ոլորտում:

Մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 2016-ի հունվար-սեպտեմբերին կազմել է $2804 (4512,5 մանաթ):

Ադրբեջանի կառավարությունը 2016-ի համար կանխատեսել էր 1,8% ՀՆԱ աճ:

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2016-ին կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ անկում 2,4%-ով: Այդ մասին ասվում է ԱՄՀ հոկտեմբեր ամսվա «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները» (World Economic Outlook) զեկույցում:

Ադրբեջանի դրական սալդոն արտաքին առևտրում 2016-ի հունվար-սեպտեմբերին կազմել է $339,75 մլն, ինչը 6,4 անգամ ցածր է 2015-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ըստ Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի, 2016-ի հունվար-սեպտեմբերին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է $12,742 մլրդ (անկումը 22,64%): Ընդ որում, արտահանումը հաշվետու շրջանում կազմել է $6,54 մլրդ, ներմուծումը` $6,2 մլրդ: 2015-ի հունվար-սեպտեմբերի համեմատ արտահանումը կրճատվել է 33,81%-ով, ներմուծումը` 5,89%:

Արտահանման հիմնական ծավալը բաժին է ընկնում նավթին (71,85%), նավթամթերքին (4,06%), բնական գազին (10,98%), էլեկտրաէներգիային (0,2%):

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) 2016-ին կանխատեսում է միջին տարեկան գնաճն Ադրբեջանում 10,2% (ապրիլյան կանխատեսումը`12%), 2017-ին` այն կդանդաղի մինչև 8,5% (ապրիլյան կանխատեսումը`9,5%): Գործազրկությունն Ադրբեջանում 2016-2017-ին, ըստ ԱՄՀ կանխատեսման, կհասնի 6%-ի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---