Վրաստանում ավիատոմսերի գները ՀՀ գներից էժան են Ստամբուլով տարանցման հաշվին

Վրաստանում ավիատոմսերի գները ՀՀ գներից էժան են Ստամբուլով տարանցման հաշվին

PanARMENIAN.Net - Ավիատոմսերի գների հետ կապված տեղաշարժեր կան, դա փաստ է, սակայն աշխատելու տեղ ևս կա: Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը Ազգային ժողովում 2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ, հայտնում է Panorama.am-ը:

Նրա խոսքով՝ միանշանակ աշխատելու տեղ կա և տոմսերի գները էժանանալու են:

«Մշտապես համեմատում ենք Թբիլիսիի հետ: Կան ուղղություններ, որոնք Թբիլիսիից են էժան, կան ուղղություններ՝ Երևանից: Այն գնային առումով մրցակցային ուղղությունները, որոնք սպասարկվում են Թբիլիսիի օդանավակայանից, 99 տոկոսով պայմանավորված են Ստամբուլի՝ որպես ավիացիոն կենտրոնի միջոցով դեպի Եվրոպա ուղղությունները շարունակելու առումով: Սա է իրողությունը»,- նշել է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը:

Նա նաև տեղեկացրել է, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ, այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է ուղևորահոսքի 30 տոկոս աճ, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 7,5 տոկոս աճ:

Խոսելով Գյումրի «Շիրակ» օդանավակայանի մասին, Ս.Ավետիսյանն ասել է, որ բանակցություններ են գնում ավիաընկերության հետ (անունը չնշեց), որն, ամենայն հավանականությամբ, մուտք կգործի շուկա, գնային առումով շոշափելի տարբերություն կլինի:

2016 թվականի սեպտեմբեր ամսին 2015 թվականի նույն ամսվա համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 28.6% աճ: 2016 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ուղևորահոսքը կազմել է 1 542 500 մարդ, որը 7.1%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:2016-ի հունվար-օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 1.321.784 մարդ, ինչը մոտ 4.2%-ով ավելի է 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---