Ոսկերիչների ՍԻԲՋՕ-ի համաժողովը՝ Երևանում. 25 երկրից ավելի քան 80 պատվիրակ է մասնակցում

Ոսկերիչների ՍԻԲՋՕ-ի համաժողովը՝ Երևանում. 25 երկրից ավելի քան 80 պատվիրակ է մասնակցում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 26-ին մայրաքաղաքի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի համաժողովին: Բացմանը ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակի հետ միասին համաժողովին մասնակցել է նաև ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: Հանրապետության նախագահը ողջունել է համաժողովի մասնակիցներին:

«Հայաստանն ու սփյուռքը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել են զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ ու վաճառատներ Նյու Յորքում ու Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում:

Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Մենք այդ ճյուղը հայտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը», - մասնավորապես ասել է նախագահը:

Նրա խոսքով, արտադրական համալիր լինելուց բացի «Մերիդիանը» հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որն արդեն 6-րդ անգամ ընդունում է «Երևան շոու» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը: Վերջինս անց է կացվում Հայաստանի նախագահի հովանու ներքո:

Ելույթի ավարտին Սարգսյանը Համաշխարհային ոսկերչական համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար:

Ավելի ուշ, Սարգսյանը «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում հանդիպում է ունեցել Քիմբերլիի գործընթացի նախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցիչ Ահմեդ Բին Սուլայեմի հետ:

Նախագահը հույս հայտնել, որ Ահմեդ Բին Սուլայեմի այցը Հայաստան կնշանավորվի ինչպես Քիմբերլիի գործընթացի շրջանակներում համագործակցության ամրապնդման, այնպես էլ, հաշվի առնելով նրա հարուստ փորձը ԱՄԷ-ում ադամանդագործության և ոսկեգործության ոլորտում, երկկողմ փոխշահավետ գործարար ծրագրերի նախանշման և իրականացման հարցում: Նախագահի համոզմամբ, այս առումով Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովի անցկացումը Երևանում լավ հնարավորություններ է ստեղծում:

Սարգսյանը կարևորել է Քիմբերլիի գործընթացը՝ որպես աշխարհում, այսպես կոչված, «կոնֆլիկտային» կամ «արյունոտ» ալմաստների շրջանառությունը բացառելու նպատակով միջազգային ջանքերի համախմբման ու մասնակից երկրների կողմից հանձնառության վառ օրինակ, ընդգծելով, որ գործընթացի կարևորությունը մեծանում է հատկապես մեր օրերում, երբ աշխարհում ավելացել են հակամարտություններն ու լարվածության նոր օջախները: ՀՀ Նախագահը ցավալի է համարել, որ բնական պաշարները մարդիկ օգտագործում են ոչ թե ի շահ, այլ ի վնաս:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը 2003-ից միանալով Քիմբերլիի գործընթացին, որը մեր երկրին հնարավորություն է ընձեռել լինել ալմաստների համաշխարհային շուկայի լիիրավ մասնակից, հետևողական է գործընթացի շրջանակներում հանձնառությունների իրականացման հարցում:

Քիմբերլիի գործընթացի նախագահը նշել է, որ Հայաստան է ժամանել նաև որպես Դուբայի առևտրային համայնքի ներկայացուցիչ և ցանկություն ունի Հայաստանի կառավարության հետ քննարկելու ինչպես Քիմբերլիի գործընթացի, այնպես էլ հայ-էմիրաթական առևտրատնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված հարցեր:

Քիմբերլի գործընթացը (Kimberley Process) միջազգային կազմակերպություն է, որ ստեղծվել է` կասեցնելու կոնֆլիկտային ադամանդների հոսքը, հատկապես` ալմաստի հումքի, որն ապստամբական շարժումներն օգտագործում են` ֆինանսավորելու իրենց ռազմական գործողությունները, այդ թվում` օրինական կառավարություններին տապալելու նպատակով:

Քիմբերլի գործընթացը սկսվել է Հարավային Աֆրիկայում ադամանդ արդյունահանող պետությունների ներկայացուցիչների` 2000թ. մայիսին Քիմբերլիում (Հարավաֆրիկյան Հանրապետություն) առաջին համաժողովի անցկացմամբ, որի նպատակը կոնֆլիկտային ադամանդների առևտրի դադարեցման և ադամանդի գնումները ապստամբական շարժումների ֆինանսավորմանը չծառայեցնելու ուղիների շուրջ քննարկումն էր:

2000թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է չմշակված ադամանդի հավաստագրման միջազգային համակարգի ստեղծումն աջակցող պատմական բանաձև: 2002թ. նոյեմբերին կառավարությունների, ադամանդի միջազգային արդյունաբերության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջև բանակցությունների արդյունքում ձևավորվել է Քիմբերլի գործընթացի հավաստագրման համակարգը (Kimberley Process Certification Scheme- KPCS): KPCS փաստաթուղթը սահմանում է ալմաստի արդյունահանման և վաճառքի վերահսկողության պահանջները: KPCS-ն ուժի մեջ է մտել 2003թ., երբ մասնակից երկրները սկսել են իրականացնել սահմանված կանոնները:

Ելնելով Հայաստանի Հանրապետությունում ադամանդագործության ոլորտի հետագա կայուն զարգացման անհրաժեշտությունից, ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 19-ի` «Քիմբերլի գործընթացին ՀՀ կառավարության միանալու մասին» թիվ 2081-Ն որոշմամբ Հայաստանը միացել է Քիմբերլի գործընթացին։ 2003 թվականի հունվարի 1-ից Հայաստանում ալմաստի հումքի առուվաճառքն իրականացվում է միայն Քիմբերլի գործընթացի անդամ երկրների հետ և ալմաստի հումքի ցանկացած բեռ, անկախ այն բանից` ներմուծվում է, թե արտահանվում, պետք է ուղեկցվի արտահանող երկրի տրամադրած Քիմբերլի հավաստագրով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---